Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ԲԴԽ պաշտոնական` Դատական իշխանություն էջով արված հայտարարությանը:
«ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությանը
<<Աշխատանքը կորցրած>>, <<Նախկին դատավոր>>
Լիազորությունները ԲԴԽ որոշմամբ անընդմեջ երկու անգամ ապօրինի դադարեցված դատավոր
Դավիթ Հարությունյանից
Հարգելի գործընկեր,
Հարգելի գործընկեր,
Կարդացի <<Դատական իշխանության>> էջում անհայտ հեղինակի ոչ աշխատանքային օրով (ենթադրաբար տնից) արված գրառումն առաջին դեմքով (իբր սեփական կարծիքն արտահայտող) գրառում-պարզաբանումը:
Առաջին անգամ չէ (տես, օրինակ` 07.04.2023թ. Կարեն Անդրեասյանի ԲԴԽ դատավոր անդամի ընտրության անօրինական միջամտության գրառումը և այլն), երբ ԲԴԽ նախագահը թաքնվում է մամուլի պատասխանատուների կամ այլ անձանց հետևում փորձելով պատասխանատվությունը բարդել այլ անձանց վրա:
Վերջին անգամ նշված գործողությունը կատարեց ինքնաբացարկ հայտնելով ու արձակուրդ մեկնելով այլուրեքության ապահովմամբ, ՍԴ որոշման պահանջները չկատարելու ապօրինության բեռը թողնելով ԲԴԽ գործընկերների վրա:
Վաղը ենթադրաբար նույնը անելու է իր անձնական Tiktoki անօրինական (կանխակալ կարծիքները, դատական իշխանության հեղինակության վնասման հաշվին ինքնագովազդի) գրառումները մամուլի պատասխանատուների վրա թողնելով:
Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հրամաններ կատարելիս ի նկատի ունենալ, որ աշխատում եք այնպիսի անձի ենթակայությամբ, ով սեփական գործողությունները պատասխանատվությունը ոչ թե կիսում կամ իր վրա է վերցնում, այլ գերադասում է այն թողնել այլ անձանց ուսերին: Ինչևէ, հաշվի առնելով ներկայացված պարզաբանումները, Անդրեասյանի հետ փոխկապակցված լրատվամիջոցով այն անմիջապես տարածումը, որոնք ուղղված են իրականության աղավաղմանը, ուստի հարկ եմ համարում ներկայացնել հետևյալ կետային հակադարձումը՝ համակողմանիորեն անդրադառնալով յուրաքանչյուր կետին և հստակեցնելով իրական փաստերը:
Նշել եք թե, նախկին դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին անդրադարձ է կատարվել Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժում, և հաշվի առնելով հանրության հետաքրքրությունն այս գործին, հարկ եմ համարում պարզաբանել, հետևյալը.
Նախ նշեմ, որ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը չի արտացոլում իմ կողմից ներկայացվածն ամբողջական ծավալով։ Դիմել եմ նրանց, որպեսզի այն ամբողջությամբ հեռարձակվի։
Մասնավորապես՝ լրագրողի խնդրանքով տված հարցազրույցում նշել էի, որ Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ դատավորի գործով տեղի է ունեցել ստվերային արդարադատություն. մասնավորապես՝ խախտվել են դատավորի հրապարակային դատական քննության և լսված լինելու հիմնարար իրավունքները։ Անդրադարձել էի նաև այն հանգամանքին, որ ի տարբերություն քաղաքական գործիչների կամ անհատ իրավաբանների՝ ԲԴԽ անդամները, լինելով պաշտոնատար անձինք, չունեն բարոյական իրավունք կամ լիազորություն չկատարելու ՍԴ որոշման պահանջները։ Դա անհարգալից մոտեցում է ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ գործող օրենքների նկատմամբ, ինչը բնորոշել էի որպես «չարաճճիություն»։
Կարծես նշել էի նաև, որ այն չկատարելու նախնական դիտավորության մասին է խոսել նախարարի խորհրդականը(ու այն հավանության արժանացրած նախարարը)` ՍԴ որոշումը որակելով լիազորությունների անցում: Կարեն Անդրեասյանն էլ էր ակնարկել այդ մասին Ազգային Ժողովում 2024թ. հունիսի 13-ին:
Նշել էի, որ ԲԴԽ-ն խախտել է իր պարտականությունները՝ գործի լրացուցիչ քննությամբ խտրական մոտեցում դրսևորելով (նախկին դատավոր Ա. Մելքումյանի գործի հանդեպ իր իսկ պրակտիկային հակասող մոտեցմամբ)։ ԲԴԽ-ն գործը քննության է առել առանց բողոքի առկայության և կիրառել է բողոքարկման` օրենքի 156.1-րդ հոդվածով ընթացակարգի մի մասը՝ սկզբում ծանուցելով, որ քննում է և որոշումը կայացվելու է այդ հոդվածով, սակայն վերջում կիրառել է 157-րդ հոդվածի 7-րդ մասը՝ արձանագրելով, թե որոշումը չի վերանայվում հիմքի բացակայության պատճառով, մինչդեռ հիմքը հենց ՍԴ որոշումն էր։
Վերջապես անդրադարձել էի ԲԴԽ անդամների գործողությունների նաև հոգեբանական շարժառիթներին՝ նշելով, որ դահլիճի վարագույրների գույնի համապատասխանությունը ՍԴ դատավորների պատմուճանի գույնին իրավունք չի տալիս նրանց անտեսելու ՍԴ որոշումների պահանջները:
Անդրադառնամ հրապարակման հեղինակի` բացառապես կարմիր ամրակներով շեշտադրումներին.
1. Դավիթ Հարությունյանը աշխատանքը կորցրել է ոչ թե ԲԴԽ-ին քննադատելու, այլ դատավորի համար սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար:
Ավելին՝ ԲԴԽ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ. «(...) որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս՝ սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում։ (...) կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը։
Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությունը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը: (…)»։
Առաջին ամրակի ներքո նշվածի կապակցությամբ, թե ԲԴԽ-ի գործողություններն ու որոշումներն են քննադատվել, ու դրանք հիմնավորում չեն ունեցել և կողմնակալ են եղել, ապա ուղղակի հարկ է նշել, որ խոսքը, ի թիվս այլոց, վերաբերել է Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի կողմից դատավորներին, կառավարությանը, ազգային ժողովին ու հանրությանը հանդուգն խաբելու եղանակով այնպիսի փոփոխությունների կատարմանը, որի արդյունքում 20 և ավելի դատավորի պաշտոնավարում դադարեցվել է և արդյունքում իրենց կամքից անկախ չաշխատող դատավորներին վճարվել է 100 000 000 դրամից ավելի գումար, պետությանը վատնման եղանակով պատճառվել է վնաս, մեկ տարվա ստաժ ուեցողներին ուղարկել են լրացուցիչ վերապատրաստման, նրանց փոխարեն նշանակել են պատշաճ վերապատրաստում չանցած ու դատավորի փորձ չունեցող անձանց: Քննադատության առարկան եղել են նախարարը, ԲԴԽ նախագահն ու նրանց գործողություններն այն կապակցությամբ, որ որոշումները կայացնում են <<բացարձակ կամ միանձնյա կոնսենուսով>> ինչը բացառում է օրենքով սահմանված քվեարկությունը, որոշումները կայացվում են միանձնյա կամ երկու հոգով, իսկ մյուսները ինքնուրույն չեն ու կարծիք հայտնելու իրավունք չունեն և այլն: Ընդ որում` պետք է նշել, որ սրանք ընդհանրական ձևակերպումներ են, մանրամասն պատճառաբանված ու կից ապացույցներով դիրքորոշումը տրամադրված է եղել ԲԴԽ-ին, մինչդեռ որևէ գնահատականի կամ վերլուծության դրանք չեն արժանացել, մեկ նախադասությամբ նշվել է, թե դրանք համոզիչ չեն եղել(տես հոկտեմբերի 18-ի համահասանել իորոշումը): Այս ամրակով էլ շեշտվել է, թե դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով է քննադատության ենթարկել:
Դավիթ Հարությունյանի գործով քննությունը տևել է շուրջ 15 ժամ և ոչ 17 րոպե:
Սույն ամրակի առումով պետք է նշել, որ մինչև դատավորի նկատմամբ դատական սանկցիա կիրառելը նա որևէ դիրքորոշում չի հայտնել. դրան նախորդել էր բացարկի և նախարարությանը հարցեր տալու փուլը: Հասկանալի չէ, թե ինչ ժամերի հանրագումար է։
Սանկցիայից հետո Կարեն Անդրեասյանը ձեռնամուխ է եղել դռները փակելու գործընթացին՝ (ուղղակի խոսքի մեջբերումները՝ <<դահլիճի դուռը տեղից փակեք, փակեք էդ դուռը, հանկարծ մարդ չգա, ձայնագրությունը անջատված ա, փակեք դուռը էդ կողմից, էդ կողմից էլ փակեք, փակեք դուռը, դուռը փակեք, կարգադրիչին ասեք դուռը փակեք, բանալիով փակվում է էդ դուռը, խնդրեմ, զբաղեցրեք ձեր տեղերը, ձայնագրությունը միացրեք, ձայնագրությունը անջատեք, մի հատ շուտ եկեք, բոլորվդ եկեք, բոլոր իրերը հանեք, հետո կհասկանանք, դուք ներս եկեք, փակեք դռները, փակեք դուռը, այդ դուռը փակեք>>), որը տևել է շուրջ 2 րոպե 10 վայրկյան:
Դրանից հետո դատական նիստը սկսվել ու ավարտվել է, ինչպես ռեպորտաժում է նշված, ընդամենը 17 րոպեում (կոմի ճառ, կողմի հարցեր, ապացույցների հետազոտում և այլն)։
Նշված քննությանը Խորհուրդը, Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված 14 փաստաբաններից կազմված փաստաբանական խմբից 4 ներկայացուցիչներին դռնփակ նիստում Դ.Հարությունյանի շահերը ներկայացնելու հնարավորություն տալով, ստեղծել է իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այնինչ փաստաբանները, 26.07.2023 թվականին «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման օրը մասնակցելով ՀՀ Փաստաբանական պալատի կողմից նախապես հայտարարված գործադուլին և փաստաբանների պալատում կայանալիք (Դեոնթոլոգիայի) վերապատրաստման դասընթացներին, չեն ներկայացել նախապես ծանուցված դատական նիստին:
✅Դավիթ Հարությունյանը երբևէ 14 հոգուց բաղկացած փաստաբանական խումբ չի ունեցել: Նա ԲԴԽ է ներկայացել միայնակ, Կարեն Անդրեասյանը սպառնացել է կարգադրիչների միջոցով բռնություն, ֆիզիկական ուժ գործադրել դատավորի նկատմամբ.
Կ.Ա. - Ձայնագրառման, գրառման որևէ այլ տեխնիկա դահլիճում արգելվում է, կարգադրիչներին խնդրում եմ ուղղակի, եթե ֆիզիկական ուժ է պետք, կիրառեք և դուրս բերեք այդ ձայնագրող միջոցները:
Դ.Հ. – Ու՞մ նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառեն:
Կ.Ա. - Տեխնիկական միջոցների:
Դ.Հ.- Տեխնիկական միջոցների նկատմամբ ֆիզիկական ու՞ժ կիրառեն:
Կ.Ա. - Այո, ուժ կիրառեք, վերցրեք և դուրս բերեք:
(…)»։
Դրանից հետո առանց դատավորի կարծիք հարցնելու որոշումներ են կայացվել և այլն. դատավորը ցանկացել է ունենալ փաստաբան, ներկայացրել է այն փաստաբանների ցուցակը, ովքեր դռնբաց դատական նիստի ակնկալիքով գտնվելով շենքում, դեմ չեն եղել ներկայացնելու նրա շահերը:
Արդյունքում ԲԴԽ-ն որոշում է կայացրել թույլատրել, ներգրավվել ընդամենը մեկ փաստաբանի` այն պայմանով, որ փաստաբանը գործի նյութերին ծանոթանալու միջնորդություն չի ներկայացնի, իսկ հետո հաշվի առնելով նախարարության կազմը`4 hոգի, թույլատրել է նույն քանակով մասնակցություն, դրանից հետո էլ ֆուտբոկլային տրամաբանությամբ պարտադրել է դահլիճում գտնվող փաստաբաններին կատարել փոխարինումներ` ներգրավված փաստաբանը լքի դահլիճը, որպեսզի մյուսը կարողանա մուտք գործել դահլիճ:
Ինչ վերաբերում է փաստաբանների` 26.07.2023 թվականին «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման օրը մասնակցելու անհնարինությանը, ապա փաստաբաններ Մ.Շխիմյանը և Ե.Սարգսյանը անկախ գործադուլում գտնվելու հանգամանքից փորձել են մուտք գործել դահլիճ ընթացող դատավարության մասնակցելու համար, սակայն նրանց մուտքն արգելվել է Կարեն Անդրեասյանի հրահանգով.
(...)
Կարեն Անդրեասյան- <<Չէ, ոչ մեկին մի՛ թող, ասա պետք չի ներս գան։
Շարունակվում է հարց ու պատասխանի փուլը, ժամը 16։49-ին ԲԴԽ անդամ Թումանյանցը հարցեր է տալիս ԱՆ ներկայացուցչին, մինչդեռ դրան զուգահեռ Կարեն Անդրեասյանն ու մեկ այլ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը շշնջում են միմյանց հետ.
(...)
Կարեն Անդրեասյան - Բա հիմա ի՞նչ պտի անենք։
Վ.Ք. - Ներքևը չ՞են թողնում։
Կարեն Անդրեասյան - Չէ:
(...)
Ժամը 16։50-ին էլ Կարեն Անդրեասյանն արդեն բարձրաձայն դիմում է ներկա գտնվողներին, ու ափսոսանք հայտնում, որ փաստաբանները չեն ներկայացել:
Կարեն Անդրեասյանը կարգադրիչներին ցածրաձայն տված հրահանգով արգելել է մուտք գործել շենք` դահլիճ, ինչը որոշմամբ ներկայացվել է իբրև կարգադրիչների հավելյալ ուժերի՝ դահլիճ մուտք գործելու արգելք, այն պայմաններում երբ դահլիճում եղել են միայն Նախարարության ներկայացուցիչներն ու Խորհուրդը։ Այդ պայմաններում Կարեն Անդրեասյանը շարունակել է գործի քննությունը` բարձրաձայն ափսոսանք հայտնելով փաստաբանների բացակայության կապակցությամբ:
Ընդ որում` այս ամենը նիստերի ձայնագրության, լրագրողների կողմից մուտքի մոտ տեսաձայնագրության պայմաններում չկարողանալով հերքել, ԲԴԽ որոշման մեջ ներկայացվել է իբրև արգելքը վերաբերել է կարգադրիչների հավելյալ ուժերի՝ դահլիճ մուտք գործելուն, այն պայմաններում, երբ դահլիճում <<մի քանի անգամ կողպված դռների>> հետևում եղել են միայն Նախարարության ներկայացուցիչներն ու Խորհուրդը։
Ինչ վերաբերում է «վերանայմանը», ապա հարկ է նշել, որ ինչպես ընդունված է աշխարհի բոլոր Բարձր դատարաններում, այդ թվում Եվրոպական դատարանում, ինչպես նաև Հայաստանի Բարձր ատյաններում (ՍԴ, Վճռաբեկ դատարան), հազարավոր դիմումներ քննվում են գրավոր ընթացակարգով, որտեղ գործերի բանավոր քննություններն արվում են բացառիկ դեպքերում։
Ինչ վերաբերում է նրան, որ <<աշխարհի բոլոր Բարձր դատարաններում, այդ թվում Եվրոպական դատարանում, ինչպես նաև Հայաստանի Բարձր ատյաններում (ՍԴ, Վճռաբեկ դատարան), հազարավոր դիմումներ քննվում են գրավոր ընթացակարգով, որտեղ գործերի բանավոր քննություններն արվում են բացառիկ դեպքերում>>, ապա իհարկե ճշգրիտ դիտարկում է, միակ փոքրիկ հարցը նրանում է որ այդ աշխարհի բոլոր դատարաններում գրավոր ընթացակարգերրը նախատեսված են օրենքով, իսկ աշխարհի բոլոր ԲԴԽ-ներում կարգապահական վարույթները քննվում են հրապարակային, ինչպես որ նախատեսում է թե ներպետական օրենսդրությունը և աշխարհի բոլոր համահունչ օրենքները: Դեռ ավելին` ՍԴ-ն հստակ արձանագրել էր, ոչ թե աշխարհի, այլ տեղական ԲԴԽ-ի համար, որ. <<(…) Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
(…)
<<Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավա- սարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի եւ գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով>>:
Մինչդեռ մեր տեղական ԲԴԽ-ն, ի տարբերություն աշխարհի բոլոր ԲԴԽ-ների, մեկ քայլ առաջ է գնացել, եթե նախկինում դռնփակ քննության քողարկմամբ իրականացրել էր ստվերային արդարադատություն, դատավորի կարգապահական վարույթի գործը քննել էր նրա ներկայությամբ, սակայն հանրության բացակայությամբ, ապա երկրորդ անգամ դռնփակ դատավարությանը (գրավոր դատավարությանը) ոչ միայն հանրությունը թույլ չտրվեց մասնակցել, այլև` դատավորին:
Իզուր չի լինի փաստել նաև, որ Բարձր դատարանները` ՄԻԵԴ-ը, Սահմանադրական դատարանը բազմաթիվ որոշումներում իրավական դիրքորոշումներ են հայտնել այն մասին, որ նրանց որոշումները կատարող դատարանները, հաշվի առնելով միայն գործի հնչեղության, հանրային մեծ հետաքրքության հանգամանքը, պարտավոր են դրանք քննել բանավոր, այլ ոչ թե` գրավոր ու դռնփակ եղանակով:
Այն, որ ցանկացած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ ի բնե օժտված է բավարար հնչեղությամբ, փաստվում է հենց վերը բերված ՍԴ որոշմամբ: Դեռ ավելին` հենց խնդրո առարկա պարզաբանմամբ է փաստվել դրա հնչեղությունը:
Զուտ հնչեղության ու քաղաքական գնահատականների առումով պակաս ուշագրավ չէ Կարեն Անդրեասյանի` 2023թվականի հունիսի 23-ի դատական նիստում և Ազգային ժողովի ամբիոնից 2024 թվականի հունիսի 13-ին տրված գործի բնորոշումը որպես «երկրի համար կարևորագույն գործ»:
Բարձրագույն դատական խորհուրդը Դավիթ Հարությունյանին հնարավորություն է տվել գրավոր կերպով ներկայացնելու այն ամենը, ինչը հնարավոր չի եղել ներկայացնել ԲԴԽ-ի կողմից Հարությունյանի նկատմամբ սանկցիա կիրառելու՝ նիստերի դահլիճից հեռացնելու պայմաններում։
Սակայն, Դավիթ Հարությունյանը իր կողմից ներկայացրած պատասխանների մեջ չի հայտնել նոր փաստական հանգամանքներ, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհուրդը կհանգեր այլ որոշման։
ԲԴԽ-ն թե նախկինում և թե վերջին քննությամբ դատավորին որևէ պատշաճ հնարավորություն չի տվել ներկայացնելու իր դիրքորոշումը, ԲԴԽ-ն նույնիսկ հարկ չի համարել հարցեր տալ դատավորին, քանի որ ի սկզբանե տրամադրված է եղել անկախ դիրքորոշումը լսելուց մերժել վերանայման դիմումը: Նույնիսկ բազմաթիվ պահանջների պայմաններում չի կարողացել պարզաբանել, թե ինչ ընթացակարգերի կիրառման մասին է խոսքը:
Օրինակ`ԲԴԽ-ն գործի <<լրացուցիչ>> քննությամբ նշել էր, թե դատավորը ունի կողմից գրավոր հարցեր տալու բացարկներ ներկայացնելու իրավունք: Մինչդեռ նույնիսկ հարկ չի համարել ստանալ նախարարին ուղղված հարցերի պատասխանները կամ անդրադառնալ դրանց անհրաժեշտության բացակայությանը:
Դավիթ Հարությունյանը հայտնել է բազմաթիվ հանագամանքներ, որոնց որևէ անդրադարձ չի եղել որոշման մեջ:
Այդուհանդերձ Դավիթ Հարությունյանը միակ հանգամանքը, որ պարտավոր էր հայտնել ԲԴԽ-ին` գործի վերանայման համար, դա Սահմանադրական դատարանի որոշման մասին իրազեկումն էր, ինչը թեև համահասանելի է եղել, բայց պատճենի տեսքով տրամադրվել է ԲԴԽ-ին: Այս որոշումն է եղել միակ ու բավարար հիմքը, որը ընդունելու դեպքում պետք է կայացվեր նախկինում կայացրած որոշումը վերանայելու մասին որոշում, իսկ թե հետագայում ինչ որոշում կկայացվեր, ապա դա էական չէ:
Որպեսզի չմեկնաբանեմ դատական ակտը, մեջբերում կատարեմ հենց ԲԴԽ որոշումից.
«Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում է Դիմումի քննությունը դատական նիստում իրականացնելու անհրաժեշտությունը՝ Խորհուրդը գտել է, որ Դիմումի քննությունը նպատակահարմար է իրականացնել գրավոր ընթացակարգով, միաժամանակ Դիմողի համար ապահովելով գրավոր դիրքորոշում ներկայացնելու միջոցով լսված լինելու իրավունքի իրացման լիարժեք հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի՝ 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը»:
Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանը, քննելով Դավիթ Հարությունյանի դիմումը, գտել էր, որ դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից Դատավորի նկատմամբ կիրառվելուց հետո Դավիթ Հարությունյանը վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները առնվազն գրավոր կերպով:
Սա թերևս միակ պատճառաբանությունն է ամբողջ որոշման մեջ: Այսինքն` պատճառաբանությունն էլ կայանում է նրանում որ խորհուրդը արձանագրել է անհրաժեշտության բացակայություն:
Թերևս ուշագրավ է որոշման հեղինակի <<ընկալումը>> ՍԴ որոշման մասով, այսինքն այն պայմաններում, երբ Սահմանադրական դատարանն արձարագրել էր, որ մասնավորապես առկա է ոչ թե օրենքի հակասահմանադրականության կամ օրենքի բացի խնդիր, այլև տեղի է ունեցել օրենքների սխալ մեկնաբանում ու կիրառում, և Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար, խախտվել է անձի հրապարակային դատաքննության և լսված լինելու իրավունքները, ու դատավորը գոնե, նույնիսկ կամ, ինչպես ՍԴ որոշման մեջ է նշված, առնվազն գրավոր դիրքորոշում հայտնելու իրավունք չի ունեցել, ապա հեղինակն ընկալել է, որ դիմողին պետք է տալ միայն գրավոր` աղավաղված հարցի պատասխան ներկայացնելու հնարավորություն, այն էլ` ոչ թե վերաբացման հարցի, այլ գործի ըստ էության քննության մասով, սակայն արդյունքում կայացրել են գործը չվերաբացելու մասին որոշում:
ԲԴԽ-ն կատարել է Սահմանադրական դատարանի կողմից Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ներկայացրած դիրքորոշումը։
Վերջապես սույն քողարկված, բայց ամենակարևոր ամրակի առումով այս պահին զուտ հարկ է փաստել հետևյալը.
1. Սահմանադրական դատարանը` 21.05.2024 թվականին կայցրել է թիվ ՍԴՈ-1729 որոշումը:
2. ՍԴ Որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետի համաձայն.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ <<օրենքները>> Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:
3. ՍԴ Որոշման 4-րդ կետում նշվել է` Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
4. ԲԴԽ որոշման եզրափակիչ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված որոշումը չվերանայել:
Այսինքն` Բարձր դատարանի` Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրված պահանջը` գործը վերանայելու մասին, իրեն Բարձր դատարան համարող ԲԴԽ-ի կողմից չի կատարվել:
Սահմանադրական դատարանի որոշումը չկատարաողներն էլ այն անձանցից էին, ում գործողությունների պատճառով էր արձանագրվել խախտումները, իսկ իրենք նմանատիպ ավելի նվազ կարևոր խախտումների համար դադարեցնում են դատավորների լիազորություններ:
Մնացածը հետո…
Հ.Գ. Սույն գրառումս գրեթե պատրաստ էր, երբ վերանայելով պարզեցի, որ ԲԴԽ-ն ֆեյսբուքյան հիշյալ հրապարակումը բազմաթիվ խմբագրումների ենթարկելով գտել է անձի, ում կվերագրեր այն: Ամենայն հարգանքով նշված անձի նկատմամբ, սույն գրառման բովանդակային հասցեատերը բացառապես իրական հեղինակն է:
Մեկ էլ փոքր առաջարկություն. Եկեք հանգենք կոնսենսուսի, որ հատկապես ոչ աշխատանքային օրերին միմյանց չծանրաբեռնենք: