Հայաստանում կատարվող օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքը հերթական անգամ փաստում է, թե որքան անհետաքրքիր է մեր տնտեսությունը արևմտյան երկրների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Հայաստանի հետ համագործակցության մասին ելույթներից բացի, չկա որևէ էական փոփոխություն Արևմուտքի հետ հարաբերություններում։ Իհարկե, սա նախ և առաջ, Հայաստանի իշխանությունների արտաքին խայտառակ քաղաքականության հետևանքն է, երբ բոլոր ուղղություններով բացակայում է որևէ ձեռքբերում։
Հայաստանին՝ բարի խոսքեր, իսկ ահա ներդրումները՝ բռնապետական Ադրբեջանին։
Արևմտյան երկրները շարունակում են զարգացնել իրենց ներդրումներն Ադրբեջանում՝ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն։
Ժամանակակից աշխարհում օտարերկրյա ներդրումները արտաքին քաղաքականության անբաժանելի մաս են կազմում և նաև դա պետք է հիմք հանդիսանա կայուն և երկարաժամկետ անվտանգության համար։ Պատկերավոր ասած, գերտերությունները Հայաստանի տարածքում պետք է ապահովեն իրենց ներդրումների անվտանգությունը, ինչի ուղղությամբ ահռելի աշխատանք ունենք անելու»,-նշել է նա։