00:00:00

Ռուսաստանը «դուրս է գալիս» Հայաստանի և Իրանի «արանքից»

22:44, 08 հոկտեմբեր 2024 Բլոգ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Ռուսաստանն ու Հայաստանը, ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, պայմանավորվել են, որ 2025 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին ՌԴ սահմանապահների հետ մեկտեղ ծառայություն կիրականացնեն նաև հայ սահմանապահները:

Ինչպես արդեն նշել եմ, այս հանգամանքին կանդրադառնամ վաղը՝ ներկայացնելով իմ տեսակետն ու գնահատականը: Միևնույն ժամանակ, ըստ իս, առավել կարևորն այն համաձայնությունն է, որ վերաբերում է Իրանի հետ սահմանի անցակետին, որտեղ ծառայությունը, ըստ հայ-ռուսական համաձայնության, կանցնի հայ սահմանապահներին:

Սա էական է իր աշխարհաքաղաքական ասպեկտով, բնականաբար՝ ռեգիոնալ երանգների համատեքստում: Ուշադրություն դարձնենք՝ այս համաձայնությունը կայացվում է Թուրքմենստանում Պուտին-Փեզեշքիան առաջին հանդիպումից երեք օր առաջ: Այդ հանդիպումն ինչ-որ միջազգային ֆորումի շրջանակում կայանալու է հոկտեմբերի 11-ին: Հոկտեմբերի 22-24-ը պետք է լինի ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում, որին մեկնելու է նաև Իրանի նախագահը: Փաստորեն՝ ստացվում է, որ Պուտինը և Փեզեշքիանը «չեն համբերում» 10 օր և նրանց առաջին հանդիպումը լինում է ոչ թե Ռուսաստանում, այլ՝ Թուրքմենստանում: Սա, թերևս, նշանակում է, որ կա քննարկելու էական հարց, եթե «չեն համբերում» մինչև Կազան:

Այդպիսով, այդ էական հարցի քննարկումից առաջ Ռուսաստանը համաձայնում է հայ-իրանական սահմանային անցակետը, այսինքն՝ Հայաստան-Իրան հաղորդակցությունը հանձնել հայ սահմանապահներին: Ըստ իս, սա ձևով հայ-ռուսական, սակայն քաղաքական, աշխարհաքաղաքական բովանդակությամբ ռուս-իրանական համաձայնություն է: Ռուսաստանն անցակետում, ըստ էության, «դուրս է գալիս» Հայաստանի և Իրանի «արանքից»:

Իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ սա ժեստ է Իրանին, վստահության էական ժեստ, որովհետև աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանն Իրան-Հայաստան հաղորդակցությունը վստահում է ոչ թե Հայաստանին, այլ Իրանին: Եվ այդ ժեստն արվում է Փեզեշքիանի հետ հանդիպումից առաջ, ինչը, թերևս, նշանակում է, որ Մոսկվան այդ հանդիպումից սպասում է պատասխան ժեստ Իրանից: Ի՞նչ տեսքով՝ ռուս-իրանական պայմանագրի ստորագրմա՞ն, Կազանի գագաթնաժողովում, թե՞ ավելի մերձավորարևելյանոտ իրողություններին առնչվող՝ ներկայիս իրադարձությունների համատեքստում: Իսկ գուցե Իրանին վստահության ժեստ, Կովկասի՞ առնչությամբ որևէ հարցում համաձայնության դիմաց: Միարժեք, իհարկե, բարդ է ասել:

Սակայն, չեմ բացառում, որ գործնականում կարող էր նույնիսկ Իրանն ակնկալել այդ քայլը Ռուսաստանից, որպես հենց վստահության «առհավատչյա»: Միջպետական հարաբերություններում այդօրինակ «պայմանները» պատահում են հաճախ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր