00:00:00

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

22:22, 04 մայիս 2024 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս իտալական «Ինտերի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպիոն, բացառիկ հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:

Անդրադառնալով չեմպիոնությանը՝ Մխիթարյանը մասնավորապես ասել է. «Ամեն ինչ լավ է: Բնականաբար, շատ ուրախ ենք: Միշտ էլ հավատը եղել է, որ չեմպիոն կդառնամ: Երկար սպասեցի այս սկուդետոյին, բայց այն շատ արժեքավոր ու շատ սպասված է: Շատ ուրախ եմ այս նվաճման համար: 35 տարեկանում սկուդետո նվաճելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Կանգ չեմ առնելու այս նվաճման վրա: Փորձելու եմ ամեն ինչ անել, որ հաջորդ տարին էլ հաջող ստացվի»:

Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև ֆուտբոլում իր չիրականացած նպատակների մասին. «Նպատակներ շատ են եղել: Մանկությանս տարիների ամենաառաջին նպատակը եղել է «Արսենալում» խաղալը, որն ի կատար է ածվել: Միշտ երազել եմ խաղալ այդ ակումբում: Դեռ շատ նպատակներ ունեմ: Փորձում եմ հնարավորինս երկար խաղալ: Կարիերայի վերջում կհասկանամ արդյոք կարողացա՞ իրագործել բոլոր նպատակներս»:

Մխիթարյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպես է վերաբերվում անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելն ու արդյոք հավանակա՞ն է, որ երբևէ ինքը կընդունի սաուդյան ակումբներից մեկ առաջարկը:

«Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ: Առաջին անգամ գնդակին դիպչելիս միշտ այդ սերն է ինձ մոտ եղել: Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար: Ինձ համար այդ դուռը փակ է: Չեմ քննարկում այդ տարբերակը և չեմ էլ ցանկանում, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, երկրպագուների տաքությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը:

Աղբյուրը՝ Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր