00:00:00

Հավերժ 19․ Ոսկե տղան՝ Գևորգ Ջավախյանն այսօր կդառնար 23 տարեկան

11:24, 03 մայիս 2024 Հասարակություն

Գևորգ Ջավախյան. այնպես կուզենայի այսօր նրան ներկայացնել որպես նկարիչ, որպես դերասան, որպես հայրենիքի զինվոր, բայց… ապրեց ընդամենը 19 գարուն։ Մոր տիկին՝ Նարինեի խոսքերն են եղել որդուն ներկայացնելիս։ 

Գևորգն այսօր կդառնար 23 տարեկան։

2001 թվականի մայիսի 3-ին Ջավախյանների ընտանիքում տղա էր ծնվել, կապուտաչ, հրեշտակային գեղեցկությամբ: Կատարվել էր մոր երազանքը: Նարինե Ալեքսանյանը որդու ծնվելուց  մեկ ամիս առաջ կորցրել էր հորը և տղան՝ Գևորգը, նրան ապրելու ուժ տվեց։

Աշխույժ, կենսուրախ, մշտապես շարժուն երեխա էր։ Նա ուշ է խոսել՝ 4 տարեկանում։ Ամեն օր լսում էր ռուսերենի ուսուցչուհի մայրիկին ու միանգամից սկսում է խոսել ռուսերեն։

Գևորգը հաճախել է իրենց թաղամասում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ  27 դպրոցը, որտեղ նաև քույրն էր սովորում։ Տիկին Նարինեն հիշում է, թե չարաճճի տղան ինչքան դժվարությամբ էր դպրոցում 45 րոպե հանգիստ նստում, բայց հետո սիրեց դպրոցը, ընկերներին, ուսուցիչներին: Բոլոր միջոցառումների ակտիվ մասնակիցն էր, ընկերներին ներշնչողն ու ամեն լավից ներշնչվողը:

Բանակ գնալուց մեկ օր առաջ էլ ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել ու գրել. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, կարող եմ միայն ասել՝ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»: Գևորգի անունն իսկապես բոլորս լսեցինք շատ ավելի բարձր, քան ինքն էր մտածում։

Գևորգը բանակ է գնացել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ վեց ամիս հետո տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Իվանյանի (Խոջալու) Տանկային բրիգադի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր։

Ծառայությունը կատակասեր Գևորգին մի քիչ լրջացրել էր, բայց լավ տրամադրություն միշտ էր ունենում։ Թեև սիրում էր մշտապես ուշադրության կենտրոնում լինել, սակայն ծառայակից ընկերներին չէր ասել, որ նախագծերում նկարահանվել է: Ընկերները մի օր պատահական «Ոսկե դպրոց»-ից տեսնում են կադրեր ու նոր իմանում, որ իրենց ընկերը նաև դերասան է, ու նպատակ ունի առաջ գնալ այդ ուղղությամբ։

Երբ տեղափոխվում է Արցախ, կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով ծնողները չեն կարողանում գնալ որդու մոտ։ Սեպտեմբերի 20-ին քրոջ՝ Սեդայի հարսանիքին էլ Գևորգը չի կարողանում գալ և մասնակցել: Թույլ չտալու պատճառը ևս կորոնավիրուսի հետ կապված խիստ ռեժիմն էր։ Քույրը ցավով է հիշում, որ նշանակալից այդ օրը, իր կյանքի կարևոր մարդը՝ եղբայրը, իր կողքին չեղավ։

Վերջին անգամ ծնողները Գևորգին տեսել են 2020 թվականի հունվարի 9-ին։ Տիկին Նարինեն հիշում է, որ որդուն ճանապարհելիս այնքան ամուր է գրկել, այնքան դժվար են մայր ու որդի բաժանվել, որ հարևաններն ասել են՝ այնպես է ճանապարհում, կարծես թե, «ֆրոնտ» է ուղարկում։

Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 23-ին, մորը խոստացել էր, որ առավոտյան կզանգի, սակայն զանգ այդպես էլ չեն ստացել։ Ընտանիքն արդեն տագնապի մեջ էր:

Հոկտեմբերի 25-ին Գևորգի քրոջը՝ Սեդային զանգել է ծանոթներից մեկն ու ասել, որ եղբայրը վիրավորվել է, նրան տեղափոխում են Երևան։ Գևորգը նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին վիրավորվել էր:
Տարբեր հիվանդանոցներում փնտրելուց  հետո ի վերջո տղային գտնում են։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով քույր չի ճանաչում եղբորը, իսկ մայրն անմիջապես ճանաչում է որդուն։ Ոչ հմուտ բժիշկները, ոչ մայրական աղոթքը չեն փրկում Գևորգին. հոկտեմբերի 28-ին սիրտը կանգ է առնում:

Նշենք, որ Գևորգ Գրիգորի Ջավախյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Գևորգը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հավերժ փառք հերոս քաջորդի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր