00:00:00

Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»

09:46, 27 ապրիլ 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ. օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ: Ըստ պարզաբանման, ներկայում էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն կառավարության ընդունած համապատասխան իրավական ակտերի։ Նշվում է, որ որոշման ընդունումից հետո ծրագրի շրջանակներում դիմել է երկու տնտեսվարող:

Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկա անբավարար վիճակից՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս առումով հողերի խոշորացմանը միտված 2 պետական օժանդակության ծրագրերի փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ է աջակցել հողամասերի միավորմանը՝ փոխհատուցելով ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը: Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 մլն 293 հազար դրամ: Ներկայացվող նախագծի հիմնական նպատակն է պետական աջակցության միջոցով խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը։

Մասնավորապես, նախատեսվում է 5 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում: Միաժամանակ միավորվող հողամասի չափից կախված փոխվել է միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող հողամասերի քանակը և հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի էկոնոմիկայի նախարարությանը 2024 թ.-ի համար պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի շրջանակում։ Հաշվի առնելով, որ 2024 թ.-ին բյուջեով հաստատվել է 300 մլն դրամ, իսկ 1 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի միջին կադաստրային արժեքը կազմում է 2 մլն 293 հազար դրամ, ուստի նախագծով նախատեսված չափով աջակցություն ցուցաբերելու դեպքում նախարարության գնահատմամբ ձեռք կբերվի և կմիավորվի շուրջ 430 հա հողատարածք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր