Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 23-ին տեղի կունենան կանանց քառորդ եզրափակիչները, որտեղ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Կանանց պայքարում 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը որակավորման փուլում երեկ մրցել է հունգարացի Հաննա Լակոտարի հետ և զիջել մրցակցին, 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը որակավորման փուլում զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը որակավորման փուլում չի կարողացել հաղթահարել Հունաստանի ներկայացուցիչ Օլգա Պավլինա Պապադատոյի արգելքը:
Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն ավելի վաղ դուրս էր եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Մանասյանը կիսաեզրափակիչ մենամարտը կանցկացնի ապրիլի 25-ին:
Ավելի վաղ ԵԱ-ում վստահ հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Համլետ Հարությունյանը (86 կգ)` դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Բազեյանը 1/8 եզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել լեհ Յակուբ Կրժպյեդի նկատմամբ, Արթուր Սահակյանը 1/8 եզրափակչում 4:1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի նկատմամբ, Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով ուժեղ է գտնվել լեհ Մատեուս Գրեժբերից, իսկ Համլետ Հարությունյանը որակավորման փուլում 4:3 հաշվով հաղթել է սլովակ Ժոզեֆ Կոստուրին:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ԵԱ-ում պայքարից ավելի վաղ դուրս են մնացել Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):