«Իրականում այն բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետեւից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս։ Ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետեւ հարիր չեմ համարում խորհրդարանին։ Բայց ես ուրիշ դրվագ եմ հիշում՝ երբ ես խոսում էի եւ պատասխանում էի ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ես մուննաթ եմ գալիս իրենց վրա, մեղադրական տոնով եմ խոսում, բայց ոչ մի կերպ չեմ հիշում, որ որեւէ մեկն ասեր՝ էս ի՞նչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան»։ Երեկ ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հարցի, թե խորհրդարանում նախօրեին տեղի ունեցած փակ նիստից հետո ընդդիմադիր որոշ գործընկերներ հայտարարել են, թե իբր Միրզոյանը վախեցած է եղել։
Ու քանի, որ ընդդիմության հրավիրած հրատապ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, տեղեկություններ հրապարակվեցին, որ Միրզոյանը հենց Սաղաթելյանին է նկատի ունեցել։
Irakanum.am–ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը անդրադառնալով Միրզոյանի մեկնաբանությանն ասաց․ «Նախ, մինչ այդ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է հիշի, թե ինչ գնահատական են տալիս գործակալ լինելուն, հայրենիք հանձնողներին, թշնամու դեմ կզողներին։ Հերիք է գնան այլ պետությունների ներկայացուցիչների կոշիկները լիզեն ու գան ԱԺ տղամարդկությունից, կամ իշխանությունից խոսեն»։
Ինչ վերաբերում է Միրզոյանի այն ասածին, թե ընդդիմադիրները իր հետևից են խոսել, Իշխան Սաղաթելյանի համար խիստ տարօրինակ է։ Նրա խոսքով՝ եղել է նիստ, որը փակ է եղել, և ինքը չի խախտել փակ նիստի գաղտնիությունը և որոշ մանրամասներ է միայն հայտնել։ «Փակ նիստից հետո ԱԺ ընդդիմադիր որոշ պատգամավորներ ընդհանուր գծերով հանրությանը տեղյակ են պահել, թե գործող իշխանությունը ինչ նոր դավադրություն է պատրաստում հայ ժողովրդի նկատմամբ։ Եթե դա մեկնաբանում են հետևից խոսել, ու առհասարակ տղամարդկությունից են խոսում մարդիկ, որոնք դրա հետ որեւէ կապ ունեն»,– եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։
Irakanum.am