00:00:00

Ինչպես փոխել կյանքի որակը

23:27, 09 մարտ 2024 Հասարակություն

Շատերը համոզված են, որ կյանքի որակը բարձրացնելու հիմնական նախապայմանը սոցիալական դրության բարելավումն է, ավելի շատ գումարի առկայությունը։ Իրականում կյանքը փոխել, դրա որակը բարելավել հնարավոր է նաև առանց ֆինանսական միջոցների ներդրման, քանի որ սոցիալական ստատուսը կամ դրությունը չեն միայն, որ պայմանավորում են այն միջավայրը, որը ստեղծում ենք ինքներս և որում ապրում ենք։

Ինչի՞ց է պետք սկսել

Հոգեբանները նշում են առաջին և ամենապարզ քայլերը՝ ուղղված կյանքի բովանդակության փոփոխությանն ու դրա որակի բարձրացմանը։ Հարկավոր է սկսել այն տարածքից, որտեղ ամենաշատն եք գտնվում․ տնից։ Սկսեք կարգի բերել տունը, որում ապրում եք։

Առաջին հերթին պետք է ազատվել անպետք իրերից։  Երկրորդ կարևոր քայլը՝ ապրել «ամեն ինչ իր տեղն ունի և պետք է լինի իր տեղում» սկզբունքով․ եթե ինչ-որ իր եք վերցնում, ապա օգտագործելուց հետո այն պետք է դրվի իր տեղում։

Տանը միշտ պետք է կարգուկանոն պահպանել, ստեղծել «կոմֆորտ գոտի», ժամանակ հատկացնել և մեկ օրում լուծել բոլոր «մանր» խնդիրները, օրինակ՝ փոխել վառված լամպը, վերջապես փակցնել պատի պաստառի  պոկված  կտորը, ձգել պահարանի դռան պտուտակը և այլն։

Կյանքից հոգեկան բավարարվածություն ստանալ

Աշխարհի բոլոր երկրների ամենատարբեր հայացքներ ունեցող հոգեբանները նույն խորհուրդն են տալիս կյանքի բովանդակությունն ու որակը փոխել ցանկացող անձանց․ թղթի կտորի վրա գրեք այն 5-10 կետերը, ինչի համար շնորհակալ եք կյանքին ու ճակատագրին։ Երկրորդը՝ կազմեք ձեր սիրած զբաղմունքների փոքրիկ ցուցակն ու ամեն օր ժամանակ հատկացրեք այդ սիրած գործերից մեկնումեկով զբաղվելուն։ 

Կյանքից հոգեկան բավարարվածություն ստանալու համար անհրաժեշտ է նաև «զինվել» դրական էմոցիաներով։ Ծիծաղն ամենափորձված «դեղամիջոցն» է․ մարդն օրվա մեջ գոնե մեկ անգամ պետք է լիաթոք ծիծաղի։  Եթե դրա առիթն ու պատճառը չեք գտնում, կարելի է պարզապես երեկոյան որևէ հումորային հաղորդում կամ կինոկատակերգություն դիտել։

Շատ կարևոր է նաև քչացնել ինքնաքննադատության չափաբաժինը

Կենտրոնացեք այն մտքի վրա, թե օրը քանի անգամ եք ինքներդ ձեզ քննադատում կամ մեղադրում՝ այս կամ այն բանի համար, և ինքներդ կզգաք, որ ինքնաքննադատությունը վերածվել է զուտ վատ սովորության, քանի որ ենթագիտակցորեն ավելի հեշտ է սխալներն ուղղելու համար «չչարչարվելը» և խիղճը հանգստացնելու համար՝ ինքն իրեն քննադատելը, քան գործելը և իրավիճակն ուղղելու համար որևէ քայլ ձեռնարկելը։ Կյանքը փոխելու կարևոր նախապայմանը, սակայն, գործելն է։ 

Ինքնազարգացումը նպաստում է անձի կատարելագործմանը, հետաքրքրացնում է կյանքը, բազմազան դարձնում առօրյան 

Ժամանակ գտեք ընթերցանության համար։ Վերջապես համարձակություն հավաքեք վերցնել ու ընթերցել այն բարդ թվացող գիրքը, որը վաղուց գրադարակի վրա սպասում է իր հերթին։ 

Ինչ-որ նոր բան սովորեք՝ ամեն օր, առանց շատ ծանրաբեռվելու։ Օրինակ՝ մի որևէ ծաղիկի կամ  մի որևէ հեռու երկրի մայրաքաղաքի անունն իմացեք, որևէ հետաքրքիր թեմա ուսումնասիրեք համացանցում, իսկ երեկոյան մտքում ամփոփեք այն նորը, ինչին ծանոթացել ու ինչի մասին նոր գիտելիքներ եք հավաքել ա՛յդ օրվա ընթացքում։

Որոշակի ժամանակահատվածում, օրինակ՝ 100 օրվա ընթացքում փորձեք ուշադրությունը կենտրոնացնել այն ծրագրերի ու նպատակների վրա, որոնք ցանկանում եք իրագործել, սակայն դրանք շատ դժվար են թվում։ Այդ ամբողջ ընթացքում փորձեք վերլուծել ու փոքրիկ քայլերի հերթականություն սահմանել, որոնք ձեզ ավելի կմոտեցնենք բարդ խնդրի լուծմանը կամ բարդ թվացող նպատակին հասնելուն։ Մեծ նվաճումները փոքր քայլերով են արվում։

Կարգավորեք բյուջեն, և սոցիալական վիճակն ինքնաբերաբար կբարելավվի

Փոխեք ֆինանսական «վարքն» ու «սովորությունները»․ դրա ամենակարևոր նախապայմանը սեփական բյուջեի հասցեկան բաշխումն ու ճիշտ տնօրինումն է։

Անհրաժեշտ է գոնե մի որոշակի ժամանակահատվածում  փորձել ավելի քիչ կատարել ավելորդ ծախսեր և զերծ մնալ գայթակղություններից։ Օրինակ՝ խանութ գնալիս վերցնել սահմանափակ չափով գումար, որը կբավականացնի միայն անհրաժեշտ ապրանքներ գնելու համար, իսկ մինչ այդ կազմել ցուցակ՝ նշելով այն անհրաժեշտ ապրանքները, որոնք պետք է գնել։

Ֆինանսական ծախսերը ճիշտ տնօրինելու, ֆինանսական «վարքագծում» ևս կարգուկանոն սահմանելու դեպքում որոշ ժամանակ անց կզգաք նաև սոցիալական վիճակի որոշակի բարելավում։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր