«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․
1988 թ. դեկտեմբերի 7-ին ես դպրոցում էի։ Կեսօր էր, երբ մեզ բոլորիս դուրս բերեցին դպրոցից։ Տագնապ, անհանգստություն. երկրաշարժ էր եղել։ Լավ հիշում եմ, որ հայրս Հակոբը, նույն օրն ընկերների հետ մեկնեց Լենինական:
Տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ մեծ չափերի էր աղետը: Հեռուստացուցով տեսա, որ Լենինականում (Գյումրի), Սպիտակում ու Կիրովականում (Վանաձոր) հազարավոր մարդիկ էին զոհվել, փլատակների էին վերածված բնակավայրերը։
Այդ օրերին բոլորը շտապում էին աղետի վայր օգնության։
Միավորվեցինք ոչ միայն մենք երկրի ներսում, այլ նաև աշխարհը մեր շուրջ՝ Սովետական Միությունից մինչև Եվրոպա, Մերձավոր Արևելքից մինչև Ամերիկա հայերը` Սփյուռքից, ամերիկացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ և այլն:
Դա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային միավորում էր ցավի ու աղետի շուրջ: Այդ օրը մենք միասին էինք։ Մոռացվել էին բոլոր տարաձայնությունները, մնացել էր մեկ նպատակ՝ հաղթահարել համազգային աղետը։ Դարձյալ ապացուցվեց, որ բարությունը և կարեկից լինելը, ցավը կիսելը խոսում են բոլոր լեզուներով:
Իմ մեջ այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել։
Ասում են, թե մենք չենք կարող միավորվել․ այդ օրերը ապացուցեցին հակառակը։
Այսօր էլ մեզ պետք է այդ նույն միասնությունը՝ ոչ միայն ցավը հաղթահարելու, այլ՝ բարձրանալու և ուժեղանալու համար։ Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած վտանգ, եթե կանգնենք կողք կողքի։ Մեր ժողովրդի ուժը հենց այդտեղ է՝ միասնական լինելու, իրար ձեռք մեկնելու և անհնարինը հնարավոր դարձնելու կարողության մեջ։