ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է լուրերը, թե «Ծառուկյան» դաշինքի և «Ելք»-ի հարաբերությունները խիստ լարված են: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հորդորեց՝ պետք չէ ինտրիգներ փնտրել: Ինչ վերաբերումն է մարզպետների հարցին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններին չի մասնակցում. «Եթե այդ հարցի հետ կապված լինի որեւէ հստակ պայմանավորվածություն , ապա այդ մասին բոլորը կիմանան: Բանակցությունները նոր կառավարության հետ տանում է անձամբ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,-նշեց Ն. Զոհրաբյանը: Հարցին, թե ԲՀԿ այս պահին բացում է նախընտրական շտաբներ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենց կուսակցության գրասենյակները միշտ բաց են եղել. «Մենք հաճախ ենք հանդիպում մեր կառույցների ղեկավարների հետ եւ քննարկում մեր կուսակցության վերաբերյալ խնդիրները»: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին շեշտեց.«Պետք է հասկանանք, որ այսօր մեր երկրում ստեղծվել է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ եւ դրա լուծման իրավական լուծումը մեկն է` արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք նաեւ հասկանում ենք, որ մինչ ընտրությունները պետք է լուծվեն մի քանի իրավական հարցեր , մասնավորապես «Ընտրական օրենսգիրքը, ռեյտինգային տարածքային ցուցակների հանում, մասնավորապես միասնական մատնահետքի ներառում կամ որեւէ այլ մեխանիզմի ներդում, որը կբացառի կրկնակի քվերակությունը: Եթե լինի քաղաքական կոնսենսուս, կարծում եմ, որ մինչեւ հուլիս կարող ենք ավարտել Ընտրական օրնեսգրքի փոփոխությունը եւ աշնանը գնալ ընտրությունների»: Ի դեպ, Զոհրաբյանը հավելեց՝ ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի մեծամասնություն վերցնելու ճանապարհով, քանի որ ԲՀԿ-ն ունի հանրային վստահություն: Դիտարկմանը, թե այդ դեպքում Գ. Ծառուկյանի վարկանիշն ավելի բարձր է Նիկոլ Փաշինյանի վարկանիշից, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ Գագիկ Ծառուկյանը մեծ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է: