00:00:00

Քննարկվել են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության հարցերը

17:56, 23 մայիս 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ գործունեությունը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՊԳԿ-ի փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ: «Գյուղատնտեսությունը երկարաժամկետ խնդիրներ է լուծում, և մենք գիտակցում ենք, որ որոշակի շեշտադրումների փոփոխություն պետք է լինի: Մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ որոշ ոլորտերում արտադրանքի էական մասը՝ մինչև 90-95%-ը, ստացվում է փոքր տնային տնտեսություններից, տրամաբանական է, որ նրանց  նույնպես անհրաժեշտ է քաղաքականության մեջ ներգրավել: Բացի այդ, փոքր տնտեսություններին պետք է ընդգրկել նաև կոոպերացիայի մեջ: Արդյունավետ կոոպերացիան մեզ համար շատ կարևոր է  ինչպես շահերի պաշտպանության, այնպես էլ գյուղատնտեսական արժեշղթան ամբողջականացնելու տեսանկյունից։», - նշել է նախարարը: Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն իր խոսքի սկզբում  շնորհավորել է Արթուր Խաչատրյանին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Գայանե Նասոյանն այնուհետև ներկայացրել է 2016-2020 թվականների ՊԳԿ-ի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը, հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը, ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործմանը, խաղողի ֆիլոքսերադիմացկուն և հավաստագրված տնկանյութի հավաստագրմանը, կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրերին:   Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին ներկայացրել է այդ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրերի արդյունավետության բարձրացման և հետագա համագործակցության ուղղությունների շուրջ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր