Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ) ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում ունեցած ձախողումը։
«Ոչ միշտ է, երբ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն ամեն բան Աստծո կամքով է:
Որքան կարևոր է իմանալ, թե ինչպես հասնել հաղթանակի, նույնքան կարևոր է իմանալ, թե ինչպես տանել պարտությունը։
Շնորհակալ եմ շատ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում էին և աջակցում են ինձ»,- գրել է Վազգեն Թեւանյանը։
Վազգեն Թեւանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Լեհաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիենկովսկիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանը ոչ միանշանակ մրցավարության պայմաններում 4:5 հաշվով պարտվել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին: Սփոփիչ գոտեմարտում նա մրցել էր գերմանացի Անդրե Կլարկի հետ եւ պարտություն կրել 2:3 հաշվով՝ դուրս մնալով բրոնզե մեդալի համար պայքարից։