Արցախից բռնի տեղահանվածները ևս կարող են դառնալ սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագիրի շահառու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Կառավարության «Հումանիտար» կենտրոնի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նրա խոսքով, ծրագրի շահառուները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, ամուսնական զույգ և սահմանամերձ բնակավայրերից որևէ մեկում ձեռք բերեն կամ ունենան սեփականության իրավունքով հողատարածք, որտեղ հնարավոր կլինի կառուցել իրենց սեփական տունը:
Փոխնախարարը ներկայացրեց բնակարանային աջակցության պետական ծրագրերից մեկը, որը հնարավորություն է տալիս պետության ֆինանսավորմամբ և աջակցությամբ կառուցել սեփական տուն սահմանամերձ որևէ բնակավայրում:
Ըստ նրա, պետք է սեփականության իրավունքով այդ հողատարածքը պատկանի շահառուներին, և նախագծման աշխատանքներն ավարտելուց հետո, դրանք պետք է ներկայացվի համապատասխան համայնքային կառույց, որտեղ, ըստ նախագծի, կտրվի շինարարական թույլտվություն:
«Այդ պայմաններին բավարարելու դեպքում շահառուներն արդեն կարող են դիմել վարկատու բանկերին, որոնք հինգն են՝ Կոնվերսբանկը, Էվոկաբանկը, Ակբաբանկը, Յունիբանկը և «ՖԻՆԿԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը»,-ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ այդ բանկերը ծրագրի շրջանակենրում համագործակցում են պետության հետ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ բանկը շահառուի հաստատումը պետք է ստանա պետական լիազոր մարմնից՝ Միասնական սոցիալական ծառայությունից: Այն տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարցման միջոցով բանկն ուղարկում է հարցումը միասնականն սոցիալական ծառայություն և այնտեղ արագ ճշտվում են դիմորդի տվյալներ, ինչի արդյունքում հայտը կա՛մ հաստատվում է, կա՛մ մերժվում:
Նրա խոսքով՝ բանկի հետ պայամանագրի կնքումից հետո վարկավորումը փուլային եղանակով է ներկայացվելու. «Աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող են նախագծել իրենց նախընտրելի սեփական տունը, բայց սա չի բացառում, որ կարող է լինել ավելի մեծ տարածքով բնակմակերեսով նախագիծ, սակայն այդ դեպքում պետք է քաղաքացիներն իրենց կուտակած գումարները ներդնեն կամ վարկավորվեն նույն վարկի շրջանակներում: Այս դեպքում կարևոր է քաղաքացու վարկունակության գնահատականը, որը կուսումնասիրի այդ բանկը»,-տեղեկացրեց Դավիթ Խաչատրյանը և հավելեց. «Տասը տարվա գծով պետության կողմից կվճարվի հիփոթեքի մարումները: Խոսքը մայր գումարի՝ 16 մլն-ի մասին է և դրան գումարվող տոկոսագումարների, որոնք պետությունն ամբողջությամբ կվերցնի իր վրա»:
Փախնախարարը նաև տեղեկացրեց, որ այդ ծրագրով վարկավորման գործընթացները սկսվել են մայիս-հունիս ամիսներից և այս պահի դրությամբ վարկավորման ավելի քան 200 հաստատում կան բանկերի կողմից, և շատերն արդեն սկսել են շինարարությունը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս շահառուներին պետական աջակցությամբ կառուցելու անհատական բնակելի տուն սահմանամերձ 80 բնակավայրերում:
Պետության կողմից սուբսիդավորվող չափը վարկի մայր գումարի գծով կազմում է մինչև 16 միլիոն դրամ և դրա նկատմամբ հաշվեգրվող՝ մինչև 13 տոկոս տոկոսագումար: Այսինքն՝ եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի, ամբողջն իրականացնում է պետությունը: Եթե վարկի չափն ավելին է, տարբերության մասով ամսական վճարումներն իրականացնում է իր միջոցներով։