Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
Նրա խոսքով, գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։
Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։
Թե արդյոք 16 գերիները խոշտանգվել են, արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են, առողջական խնդիրներ ունեն, թե ոչ՝ այս հարցերի շուրջ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասաց, որ այժմ առարկությունների փուլն է։ Այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին։