Ռուսաստանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակի հետ դիտում է որպես ցուցադրական հակառուսական քայլ. Հայաստանի ղեկավարությունը քանդում է Մոսկվայի և Երևանի դաշնակցային հարաբերությունները, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հանդիպումը դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ», - ճեպազրույցում ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։
«Երևանում պետք է տեղյակ լինեն, որ սա ցուցադրական սիրախաղ է նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են մեր երկրին։ Այստեղ այլ սահմանում չկա։ Ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված և համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները», - եզրափակել է Զախարովան։