«Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի համաձայնագրի» վավերացումը չեղարկող օրենքն ուղարկվել է ՌԴ Դաշնության խորհուրդ։ Օրենքը ՌԴ պետդումայի կողմից ընդունվել էր հոկտեմբերի 18-ին։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ՌԴ խորհրդարանի վերին պալատում օրենքը կքննարկվի հոկտեմբերի 25-ին՝ լիագումար նիստի ժամանակ։
Նույն օրը, երբ Ռուսաստանի պետդուման չեղարկել էր միջուկային զենքերի փորձարկումների արգելքը, Միացյալ Նահանգները փորձարկումներ էր անցկացրել Նևադայի միջուկային զինափորձարանում։
«NNSA-ի գլխավորած թիմը ստորգետնյա քիմիական պայթյուն է իրականացրել Նևադայի ազգային անվտանգության վայրում՝ բարելավելու ԱՄՆ կարողությունը՝ հայտնաբերելու փոքր հզորությամբ միջուկային պայթյուններն ամբողջ աշխարհում», - փորձարկումներից հետո հայտարարել է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA)։