992-2018 թվականներին ՊՆ-նում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վարդան Մինասյանը արձագանքել է իր վերաբերյալ դատախազության հաղորդագրությանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը. «Այսօր Դատախազության պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Նման հաղորդմամբ Դատախազությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե երեկ փողերի լվացման ծանր հանցագործություն է բացահայտել, մինչդեռ, իրականում գրեթե երեք տարի տևած նախաքննության ընթացքում իրավապահ մարմիններն այս նույն քրեական վարույթի մասին արդեն մի քանի հաղորդագրություն են տարծել զանգվածային լրատվության միջոցներով՝ վիրավորելով իմ բարի համբավը՝ դրանով իսկ ստիպելով, ինձ որ դեռևս 2022 թվականին դիմեմ դատարան՝ դատական կարգով պաշտպանելու իմ բարի համբավը:
Դեռևս 2021 թվականին ինձ մեղսագրված փողերի լվացման ի սկզբանե սին մեղադրանքը այս տարիների ընթացքում երեք անգամ քրեական հետապնդման մարմինների կողմից արմատապես փոխվել է, ինչը հաստատում է, որ իրականում փողերի լվացման և դրան նախորդող որևէ հանցագործության մասին խոսք լինել չի կարող:
Արդյունքում, երկու տարիների ընթացքում չկարողանալով ապացուցել ինձ առաջադրված մեղադրանքը, քրեական հետապնդման մարմինները, ամենայն հավանականությամբ հիմնավորելու համար զանգվածային լրատվության միջոցներով դեռևս 2021 թվականին արված փողերի լվացման վերաբերյալ իրենց հրապակումը և կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելու համար, չունենալով ոչ օրինական հիմք, մեխանիկորեն գումարելով երեսուն տարիների ընթացքում իմ կողմից ստացված օրինական եկամուտներն ու ծախսերը, գրչի մեկ հարվածով դա գնահատեցին որպես փողերի լվացում՝ ևս մեկ անգամ հանիրավի փորձելով վարկաբեկել իմ բարի համբավը:
Նման գործելաոճի պատճառը կարծում եմ մեկն է՝ ամեն գնով արդարացնել արդեն գրեթե երեք տարի տևող քննությունը, որի ընթացքում իմ մեղավորության վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել ու ամեն գնով հաստատել նախկինում զանգվածային լրատվության միջոցներով ներկայացված մեղադրանքները:
Հրապարակային դատական քննության ընթացքում բոլորը ականատես կլինեն, որ ինձ առաջադրված մեղադրանքը չունի որևէ օբյեկտիվ հիմք, չկա այն հիմնավորող գեթ մեկ ապացույց: Ես հետևողական եմ լինելու օրենքով չարգելաված բոլոր եղանակներով իմ իրավունքների պաշտպանությանը։