ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն քարտային հաշիվներ, առաջիկա օրերին յուրաքանչյուր անձին նախատեսված միանվագ 100,000 դրամ աջակցության փոխանցումները ստանալու են. հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս՝ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Բոլոր այն անձինք, ովքեր չունեն դեռևս բանկային քարտային հաշիվներ, պետք է շատ արագ քարտային հաշիվներ բացեն, որպեսզի կարողանան այդ ընթացքը հնարավորնիս արագ իրականացնել: Այս պահին ցանկալի է դիմել մոտակա բանկի մասնաճյուղը և իրականացնել գործընթացը»,-ասաց նա՝ հավելելով, որ քարտային հաշվի բացումը կլինի անվճար:
«Նույնիսկ այն դեպքում, երբ ֆիզիկապես քարտը ձեզ չի տրամադրվի, գումարը արագ կփոխանցվի այդ քարտային հաշվին»,-ասաց Բաղդասարյանը և նշեց, որ նախկինում, եթե հաշվի բացումից հետո պետք էր այն ներկայացնել միասնական սոցիալական ծառայություն, այժմ այդ գործընթացն անցնելու անհրաժեշտություն չկա: