Հակարիի կամրջից այն կողմ արդեն մեքենաների կուտակումներ չկան: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` շեշտելով` առաջնային խնդիրը, որ դրել էին, այն է` մարդկանց հոսքերը արագ կարողանալ սպասարկել 24 ժամ գրաֆիկով, հաջողվել է:
«Բայց միևնույն ժամանակ ունենք 45 ավտոբուսներ, որ Ստեփանակերտում են և շուտով կուղևորվեն Հայաստան: Այսօր Գորիսում աշխատանքային գրաֆիկը շատ ծանր էր օրվա առաջին կեսին, երբ 24 ավտոբուսներ այստեղ էին, մեր հայրենակիցները բոլորը ստացել են առաջին անհրաժեշտության սնունդը և բուժօգնությունը: Ճգնաժամը` մարդկանց առաջնային աջակցությունը հասցնելու, հաղթահարված է»,- ասաց նա:
Ղուկասյանը հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից արդեն Հայաստանում է մոտ 100 000-ը:
«Թվերն արագ փոխվում են, բայց ես տեղեկացված եմ, որ այլևս մեծ կուտակումներ չկան, մեքենաներ հազվադեպ են գալիս, մնում են այդ 45 ավտոբուսները, որ կարողանանք սպասարկել և անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի` զբաղվենք կացարաններում տեղավորված անձանց հաջորդ խնդիրներով: Սյունիքի մարզի գրեթե բոլոր հյուրանոցային և հյուրատնային ենթակառուցվածքներն այս պահին զբաղված են: Հաճախ մարդիկ գիշերում են, ապա մեկնում, առավոտյան նորից տեղեր են ազատվում, 1000-ից ավելի մարդիկ տեղավորված են Գորիս քաղաքում, որովհետև Գորիսը ԼՂ-ին ավելի մոտ է, մարդիկ իրար ճանաչում էին, շատերն իրենց ծանոթների տանն են: Քանի որ մեզ համար կարևոր էր ուղղակի հոսքը սպասարկել, այդ իմաստով Գորիսում հաշվարկելը դեռ անհնար է, վաղվանից կսկսենք»,- ասաց Ղուկասյանը:
Մարզպետը տեղեկացրեց` Արցախից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթներն ամբողջությամբ պատրաստ են, պահեստավորված են բազմաթիվ ապրանքներ, եթե առավոտյան պարզվի` արդեն շատ կառավարելի է իրավիճակը և կարելի է` մի մասը գնա, աշխատի այլ ուղղությամբ, ապա կարծում է` 2-3 օրվա ընթացքում կայցելեն յուրաքանչյուր քաղաքացու, ովքեր բնակեցվել են Սյունիքում:
«Արդեն մեր գործընկերները, ովքեր կարիքի գնահատում են անում, կամփոփեն, ու կտանք հրատապ լուծումներ»,- ասաց նա: