00:00:00

Ադրբեջանը տրամադրված է հատուցում պահանջել ցանկացած հայից, ով մասնակցել է Արցախի կառավարմանն ու պաշտպանությանը. ՀԲԸՄ-ն՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին

13:05, 28 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

ՀԲԸՄ-ն խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ։

 

«Ադրբեջանական իշխանությունների կողմից ականավոր հայ բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին լուրը, ով 2020 թվականի պատերազմից հետո հաստատվել էր Լեռնային Ղարաբաղում և զբաղեցրել պետական նախարարի պաշտոնը, միջազգային հանրությանն ուղղված ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է հատուցում պահանջել ցանկացած հայից, ով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի կառավարմանն ու պաշտպանությանը: Այս աղմկահարույց ագրեսիան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած մի շարք ձերբակալություններից և մարդկության դեմ իրագործած հանցագործություններից մեկն է միայն:

 

Այս ցուցադրական ձերբակալությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ Ադրբեջանը քայլում է իր թուրք դաշնակիցների ցեղասպան հետագծով: Փաստորեն, ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր, և մենք վերադարձել ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զրոյական կետին: Միջազգային դերակատարները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն՝ ապահովելու իրենց պապենական հայրենիքը ստիպողաբար լքող բոլոր քաղաքացիների արժանապատիվ ելքն այնտեղից»,- հայտարարել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը՝ անդրադառնալով Վարդանյանի ձերբակալության տագնապալի լուրին։

 

ՀԲԸՄ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ յուրաքանչյուր երկրին, ազատ աշխարհի պետությունների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարություններին միավորել ուժերն ու անհապաղ գործել։ Աշխարհը հետևում է, թե որքանով են միջազգային լծակները գործում Ադրբեջանին կանգնեցնելու գործում։

 

Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է կարողանան առանց խոչընդոտի դուրս գալ այնտեղից։ Խոշոր տերությունների ավելի մեղմ արձագանքը նրանց մեղսակից կդարձնի Ադրբեջանի՝ ընդամենը մի քանի օրում հայերի բազմաթիվ սերունդներ ոչնչացնելու գործողություններին:

 

Ժամանակն է խոսքից անցնել գործի: Պետք է կիրառել բոլոր գործնական ճնշումները Ռուբեն Վարդանյանին և բոլոր ապօրինի ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու համար։ Ժամանակն է, որ բոլոր այն ազգերը, որոնք քարոզում են մարդու իրավունքների պաշտպանություն և խաղաղություն, միջամտեն՝ հանուն մահացու վտանգի մեջ գտնվող հազարավոր հայերի փրկության»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր