Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախում վառելիքի պահեստում արձանագրված պայթյունի մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»․
«Մենք ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Մենք հորդորում ենք ապահովել շաունակաբար հումանիտար մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների:
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին, երբ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։ [USAID] Ադմինիստրատոր [Սամանթա] Փաուերը գտնվում է տարածաշրջանում, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով օգնելու է տեղական համայնքներին ապահովել ապաստան և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը՝ Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար։
2020 թվականից ի վեր մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության և տարհանման տրամադրմանը, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման հարցում»։