00:00:00

Ոստիկանության ծառայողները բերման ենթարկված անձանց նկատմամբ կիրառել են առերևույթ կոպիտ ֆիզիկական ուժ

19:49, 26 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ​ ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև տարբեր բժշկական հաստատություններ։

Նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները վերոհիշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 350 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։

Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի, զանգի իրավունքի իրացումը և այլն։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել է, որ Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։

Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է առերևույթ կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձն արդեն փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում։ Ընդ որում՝ արձանագրվել են դեպքեր, երբ արգելանքի վերցնելու ընթացքում անձինք ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։

Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց հատկապես այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո և առկա չեն ուժի կիրառման՝ օրենքով սահմանված այլ հիմքեր։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց հետագա ընթացքին։

Բացի այդ, իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ։ Վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել։

Հարկ է նկատի ունենալ, որ պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Ուստի, ակնհայտ է, որ նշված պրակտիկայի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։

​Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է։ Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունքն է և ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ։ Ուստի, այդ գործընթացի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական սկզբունքներին և կանոններին։

Հավաքի մասնակիցների կողմից հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում, հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։ Այս օրերին Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են, որ հավաքների ընթացքում նկատվել են հավաքի մասնակիցների կողմից նման վարքագծի դրսևորումներ, ինչն անընդունելի և դատապարտելի է հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու պահանջի տեսանկյունից։ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։

Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ հավաքների ազատության իրավունքի իրացման առնչությամբ իրականացնելով մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և իրացնելով Պաշտպանի մանդատի շրջանակներում առկա գործիքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր