Եվրոպական հանձնաժողովը կտրամադրի 500 հազար եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։ Այս մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ․
«Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն:
Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ ԵՄ-ն տրամադրում է լրացուցիչ 500 000 եվրո՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով»: