Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում զոհվել է 6 զինծառայող, ևս մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ անձնակազմի գործունեության վերաբերյալ։
«Չափազանց բարդ դրությունում խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և ակտիվ ջանքեր են գործադրում, այդ թվում՝ կյանքի համար վտանգավոր, պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը», - ասվում է հայտարարության մեջ։
Դեսպանությունը հիշեցրել է, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղապահ ուժերը կազմակերպել են խաղաղ բնակչության տարհանում ամենավտանգավոր շրջաններից և տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերել՝ տեղավորվելով բազային ճամբարում և առանձին դիտակետերում։
«Հենց երեկ օգնություն է ցուցաբերվել, այդ թվում՝ սնունդով և հանգստի համար նախատեսված վայրերով, ավելի քան 8 հազար քաղաքացիների, ներառյալ. երեխաներին»,- պարզաբանել է դիվանագիտական առաքելությունը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հակամարտության սրումից ի վեր ՌԽԱ հրամանատարությունը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել իրավիճակը ապաէսկալացնելու համար, ինչի արդյունքում ղարաբաղա-ադրբեջանական կողմերի միջև հնարավոր է եղել համաձայնության գալ ռազմական գործողությունների դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։
«Դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում ռուսական խաղաղապահ զորամիավորման զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին և մտերիմներին, որոնք տեղակայման առաջին իսկ օրվանից բարդ խնդիրներ են իրականացնում՝ գործնական օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքները բավարարելու համար», - նշել է դիվանագիտական առաքելությունը։
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ դիտակետից վերադառնալիս գնդակոծվել է ռուս խաղաղապահներով ավտոմեքենան, այնտեղ գտնվող բոլոր հինգ զինծառայողներն էլ զոհվել են։