00:00:00

Երևանի փողոցները քաղաքացիները բացեցին. անհնազանդության ակցիաները վաղը կշարունակվեն

21:57, 21 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները, որոնք երեկվանից անհնազանդության ակցիաներ են կազմակերպում Երևանի տարբեր հատվածներում, այսօր դադարեցրին բողոքի ակցիաները, և կշարունակեն վաղն առավոտյան՝ 7:30-ից:

Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են հումանիտար միջանցք բացել արցախցիներին Հայաստան բերելու համար:

Նշենք, որ տարբեր փողոցներ փակելիս բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքացիներ: Ոստիկանությունը մեծ թվով և՛ սև, և՛ կարմիր բերետավորներ էր կենտրոնացրել փակ փողոցների հատվածում, որոնք էլ անխնա բերման էին ենթարկում քաղաքացիներին:

Մինչև փողոցներ փակելը քաղաքացիները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ անցկացվել է հանրահավաք՝ հետագա անելիքները ներկայացնելու համար: Ելույթներ են ունեցել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյանը: Վազգեն Մանուկյանը հայտնել է նաև համաժողովրդական շարժումը համակարգելու համար Ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան: Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան 7:30-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են, փակելու են ինչպես փողոցներ, այնպես էլ խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդդիմադիրները կոչ են արել վաղվանից դասադուլ և գործադուլ հայտարարել:

Նշենք, որ վաղը՝ 11:00-ին սպասվում է նաև կառավարության նիստ, և քաղաքացիները պատրաստվում են 10:00-ից շրջափակել կառավարության շենքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր