ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարար
պարոն Արայիկ Հարությունյանին
Arayik Harutyunyan
Հարգելի պարոն նախարար,
Չեմ կարծում, որ Անդինն այն ամսագիրն է, և ես այն մարդն եմ ում մասին կարելի է այդպիսի ակնարկ անել:
Ես այս տարի 70 տարեկան եմ դառնում և իմ ամբողջ գիտակցական կյանքը եղել է ծառայություն մեր ազգին և մեր պետությանը: Ես «Գարուն» ամսագրի խմբագիրն եմ եղել, ամսագիր, որը գրեթե բոլոր հայ ընտանքիներն էր մտնում, ես հրատարակել եմ «ԱՐ» շաբաթաթերթը, ստեղծել եմ առաջին հայկական անկախ հեռուստատեսությունը՝ նկատի ունեմ «ԱՐ» հեռուստաընկերությունը, և ես առաջինն էի, որ նաև ըստ էության հենց խոսքի ազատության պաշտպանության պատճառով՝ ժամանակի իշխանությունների վարած քաղաքականության արդյուքում ստիպված եղա թողնել իմ ստեղծած հեռուստատեսությունը: Ի դեպ, Գերագույն խորհուրդում և հետագայում նաև Ազգային ժողովում, հեղինակել եմ յոթ կարևոր օրենքներ, որոնք առ այսօր գործում են, որոնցիցի մեկը՝ «Մամուլի ազատության մասին» օրենքն է:
Իմ ամբողջ կյանքը ընթացել է հանուն խոսքի ազատության:
Երբ 1999 թվականին այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» թերթը փակում էին ժամանակի իշխանությունները, «ԱՐ» հեռուստաընկերությունը առաջինն էր, որ պաշտպան կանգնեց, ինչը կարող է պարոն Փաշինյանը վկայել:
Իմ ամբողջ կյանքում ես ճանապարհ եմ բացել երիտասարդների համար, սկսած «Գարուն» ամսագրի օրերից, «ԱՐ» հեռուսատընկերության շրջանում և այսօր էլ՝«Անդին» ամսագրի էջերում Դուք կարող եք տեսնել հարյուրավոր երիտասարդների, ովքեր Անդինով են սկսել իրենց գրական ճանապարհը:
Կարծում եմ, պարոն նախարար, այդ հայտարարությունից առաջ ճիշտ կլիներ, որ ծանոթանայիք ամսագրին, նրա որդեգրած գրական, կրթական և մշակութային արժեքներին և խորհրդակցեիք դպրոցների և բուհերի հետ՝ իմանալու, թե ի՞նչ կարծիք ունեն, քանի որ ՀՀ և Արցախի բոլոր կրթական հաստատություններ մտնում է մեր ամսագիրը և նրան մեծ անհամբերությամբ են սպասում:
Անդին ամսագիրը տպագրվում էր Կարեն Կարապետյանի կառավարությունից առաջ՝ 2013 թվականից, շարունակել է տպագրվել նաև նրա օրոք և այս տարիների ընթացքում Անդին ամսագրի պայմանգիրը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:
Ձեր հայտարարության մեջ Դուք նաև նշում եք 45 միլիոն դրամի մասին, որը երկու տարվա բաժանորդագրության գումար է, և ոչ՝մեկ: Իսկ ինչ վերաբերվում է ամսագրին հատկացված գումարների նպատակային ծախսելուն, համապատասխան մարմինները կարող են ցանկացած պահի ստուգել և պարզ կդառնա, որ այդ գումարը ծառայեցվել է բացառապես ամսագրի տպագրությանը:
Նշեմ նաև, որ ամսագիրը կյանք տվեց հանրապետությունում մարմրող գրական, մշակութային կյանքին և ճանաչում ձեռք բերեց ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ հայության շրջանում:
«Անդին» ամսագրին աջակցելը պատիվ է բերում յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության, և պետության վերաբերմունքը Անդինի նկատմամբ պետք է ոչ թե քննադատել,այլ պիտի դարձնել ավանդույթ և ոչ միայն Անդինի համար, այլ ամբողջ մամուլին ընդհանրապես:
Հ.Գ.
Այսու չմոռանամ ասել, պարոն նախարար, որ մեր նոր իշխանությունը առաջին հերթին գրահրատարակչությունը պիտի ազատի ԱԱՀ-ից, ինչը հասարակությանը հասու կդարձնի մամուլին, գրական մամուլին, գրքին և գրին ընդհանրապես, և վերջապես մենք կվերականգնենք ընթերցող ազգ լինելու մեր երբեմնի համբավը:
Հարգանքներով՝
«Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր
Մերուժան Տեր-Գուլանյան