Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։
Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։
Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։
«Երևի ժամը 7-ի կողմերն էր, ուզում էին երեխաներին ու կանանց տանեն Հին Շեն, էդտեղից էլ ոնց որ հայտարարություն են արել ադրբեջանցիք, որ ճանապարհը բաց է, ով ուզում է դուրս գալ, թող դուրս գա։ Ուզում էին երեխաներին ու կանանց հանեին Լաչինով՝ Հաակարիի կամրջով, բայց ռուսների պոստից մինչև էս գյուղ գալը արդեն կրակել էին ռուսների ավտոների վրա, դրա համար էլ մի քիչ ուշացան, չկարողացան երեխաներին տեղափոխել։ Բայց էդ մեքենաների մեջ, որ կանայք և երեխաները նստել էին և ուզում էին գալ դեպի Հակարիի կամուրջ էդ ավտոների վրա՝ ռուսների «Ուրալ»-ների վրա, կրակեցին, դրա համար էլ ռուսները երեխաներին չհանեցին, հիմա լրիվ էստեղ են, ոչ մեկը դուրս չի եկել», - պատմեց Մեծ Շենի բուժքույրը։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Բաքուն հայտարարեց, որ մարդասիրական միջանցք է առաջարկում Արցախի բնակիչներին․ - «Բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»։