Մենք հանցագործության մասին երկու հաղորդում ենք ներկայացրել. Մեկը վերաբերում է ընտրողների կազմակերպված տեղափոխմանը 9/16, 9/6, 9/56, 9/57 տեղամասերին, ինչպես նաեւ դիտորդի գործունեության խոչընդոտման դեպքով մեկ հաղորդում ենք ներկայացրել 6/25 տեղամասի մասով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ երկու հաղորդումները ներկայացրել ենք քրեական օրենսգրի 221 եւ 210 հոդվածներով:
Նրա խոսքով, 6/25 տեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին թույլ չի տվել դիտարկել, թե քվախցիկների ներսում օգտագործված քվեթերթիկներ արդյոք կան, թե չկան. Այսինքն դիտորդն ուզում էր տեսնել, թե այդ խցիկի հատուկ արկղում արդյոք քվեաթերթիկներ կան, թե ոչ:
«Ընտրակաշառքի հետ կապված որեւէ արժնահավատ ահազանգ չունենք այս պահի դրությամբ: Մեզ համար խնդրահարույց է, որ դատախազությունը չի հրապարակում տեղեկանք ընտրական խախտումների, ընթացքի վերաբերյալ, մի բան, ինչը նախկինում դատախազությունն անում էր: Այժմ դա ցավոք սրտի, չի դիտարկվում: Դրա արդյունքում շատ հաղորդումների ընթացքի մասին ավելի ուշ ենք իմանալու: Ոստիկանության աշխատանքը, ընդհանուր առմամբ, նորմալ է, որոշ առումով ոստիկանության իներտություն է զգացվում, եւ ոստիկանները, այն, ինչն իրենց նախաձեռնությամբ պետք է անեն, օրինակ, տեղամասի 50 մետր շրջակայքում մարդկանց շարունակական գտնվելը եւ ավտոմեքենաների կուտակումը կանխելը, հաճախ դա չեն անում ինքնուրույն, բայց մեր դիտորդների հորդորներով անում են»: