Այսօր` սեպտեմբերի 15֊ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` հայտնելու իրենց խիստ մտահոգությունը Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի վերաբերյալ:
«Արցախպրես»-ի հետ զրույցում հավաքի մասնակից, Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը նշեց, որ յուրաքանչյուր արցախցի այսօր փորձում է հաղթահարել դժվարին փորձություններ, բայց տեղահանվածների վիճակն այս պահին անհամեմատ ավելի ծանր է։ Նրանց մեծ մասը չի աշխատում, բայց ստիպված է միջոցներ հայթայթել գոյատևելու համար:
«Մարդիկ հավաքվել են հրապարակում` հասկանալու` ով ունի իրենց հարցերի պատասխանը, առաջիկա խնդիրներն ինչպես պիտի հաղթահարեն և, վերջապես, ինչ է սպասում արցախահայությանը: Իրավիճակն այնքան է սրվել, որ մարդիկ դիմանալու կարողություն անգամ չունեն» - նշել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` համայնքների ղեկավարների և հրապարակում հավաքվածների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` երկուշաբթի օրը հանդիպել Արցախի Հանրապետության նախագահի հետ և քննարկել բնակչության առջև ծառացած խնդիրները: