Մենք շարունակում ենք ասել, որ Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է: Այս մասին այսօր քաղաքացիների հարցերին առցանց եղանակով պատասխանելիս ասել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ավելի վաղ նա հայտարարում էր, որ դեմ էԱղդամի ճանապարհի բացմանն, այն համարելով կարմիր գիծ, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո նոր նախագահը դրան համաձայնվեց եւ նա դա հանդուրժեց
«Մենք խոսում ենք Արցախի ստատուս քվոյի պահպանման մասին, դա կարմիր գիծ է։ Մենք պետք է ունենանք ազատ միջանցք Հայաստանի եւ աշխարհի հետ կապող, եւ այս կարմիր գիծը խախտված է։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց ապրիլի 23-ին, մենք հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, դա անընդունելի է։ Նույն ձեւ այստեղ, երբ մենք հասկանում ենք, որ անցակետը եւ Լաչինի միջանցքը չի աշխատում եւ փորձում են օգտագործել Ակնա-Ասկերանի ճանապարհը, դա շարունակությունն է կարմիր գծի, նույն ձեւ մենք ասացինք, որ դա անընդունելի եւ շարունակում ենք ասել, որ այդ ճանապարհն անընդունելի է, որովհետեւ դա ներքին ճանապարհն է։ Իսկ մենք պետք է ունենանք Հայաստանի հետ կապ՝ առանց սահմանափակումների»։
Վարդանյանը նշեց, որ շարժման դիրքորոշումը չի փոխվել, եւ մինչեւ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էլ հայտարարություն են արել ու ասել՝ որոշումը պետք է հստակ կայացվի իշխանության կողմից եւ այն պետք է մարդկանց հաղորդվի:
«Ընդունեն, թե՝ չընդունեն մարդիկ, մեկ է, դա կարմիր գիծ է։ Ուղղակի տարբեր ձեւերով կարելի է պայքարել։ Մենք հասկանալով ինչ է կատարվում Արցախում, որոշեցինք որ չենք պայքարելու այն ձեւով, որ պառկելու ենք մեքենաների տակ, դա արդեն կոմիտեի որոշումն է։ Կարմիր գիծ է նաեւ Ադրբեջանի առաջարկած անձնագրերը, դրամը փոխելը, ենթակառուցվածքները եւ այլն։ Այո, պետք է ունենանք կարմիր գծեր, եւ դրա խափանման ժամանակ պայքարենք։ Ուրիշ բան, որ կա Արցախի իշխանություն, որն իրավունք ունի որոշումներ կայացնել։ »,- նշեց նա։