21-ամյա Ժենկա Օհանջանյանը ամուսնու հետ ապրում է Ստեփանակերտ քաղաքում։
Նա աշխատում է որպես մատնահարդար։ Ժենկան իր աշխատանքով կարողանում էր բավականին կայուն գումար վաստակել։
«Դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստները» ճանապարհը փակեցին, ես այդ ամենին լուրջ չվերաբերեցի, մտածելով,որ իրենց կողմից դրսևորված հերթական արկածներից է, բայց գնալով շրջափակումը երկարեց ու հասկացանք, որ ոչ, ամեն ինչ ավելի լուրջ է, քան մենք կարող էինք պատկերացնել։
Շրջափակման նախնական շրջանում իմ աշխատանքի հետ կապված էական փոփոխություններ, գրեթե, չկային, քանի որ հնարավորինս կարողացել էի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը ձեռք բերել։
Սկզբնական շրջանում ինձ համար հիմնական բարդությունը առաջացավ այն ժամանակ, երբ գազամատակարարումը անջատելուց հետո սկսեցին անջատել նաև էլեկտրաէներգիան, որը տևում էր չորս ժամ։
Այդպիսի պայմաններում, գրեթե, անհնար էր նորմալ աշխատել, բայց,ամեն դեպքում, փորձում էինք մեր հաճախորդներին գեղեցիկ ու ոգեշնչող տրամադրությամբ ծառայություն մատուցել։
Մեր տանը, որտեղ շրջափակման սկզբնական շրջանում բնակվում էի քույրիկիս հետ, նախապես չէինք պատրաստվել ձմռանը։
Երբ տեսանք, որ բոլորը համատարած խանութներից գնումներ էին կատարում, ես ևս որոշակի գնումներ կատարեցի՝ գնելով ամենից անհրաժեշտը։
Անկեղծ ասեմ,անգամ այդ ժամանակ,հույսս չէի կորցնում և մտածում էի, որ խանութներին կմատակարարեն որոշակի ապրանքատեսակներ, և կկարողանանք ձեռք բերել։
Տունը տաքացնում էինք էլեկտրական վառարանով, բայց հոսանքի անջատումների ընթացքում, գրեթե, չէինք կարողանում տաքացնել։
Այդ ընթացքում մեզ հիմնականում օգնում էր տատիկս, ով գյուղում է ապրում և գյուղից մեզ անհրաժեշտ ուտելիքներն ուղարկում էր։
Երբ տատիկս մեզ որևէ բան էր ուղարկում, անպայման փորձում էի իմ ընկերներին էլ բաժին տալ։
Բայց տրանսպորտի բացակայության պայմաններում տատիկը այլևս չի կարողանում մեզ օգնել այնպես, ինչպես սկզբնական շրջանում։
Մենք որոշել էինք ամուսնանալ հունվար ամսվա տոնակատարություններից հետո ու տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, հաշվի առնելով նաև այն փաստը, որ ամուսինս Շուշիից է, և տարհանումից հետո բնակարան չի ստացել։
Հետո, երբ հասկացանք, որ շրջափակումը երկարում է, որոշեցինք փետրվարի 4-ին ամուսնանալ։
Մեր հարսանիքի օրը շատ մոտ ընկերներով ու հարազատներով գնացինք եկեղեցի ու ստացանք Աստծո օրհնությունը, հետո օրենքով ամուսնացանք, նկարվեցինք ու այդ ամենով եզրափակվեցինք, խնջույք չի եղել։
Ես էլ շատ աղջիկների նման իմ հարսանիքը այլ կերպ էի պատկերացնում։Ամուսինս էլ պատերազմից ու տարհանումից հետո վերջապես ցանկանում էր մի ուրախություն տոնել, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։
Այժմ ես վարձով բնակվում եմ քաղաքի ծայրամասերից մեկում, և այն շատ հեռու է իմ աշխատավայրից։ Ամեն առավոտ, թերսնված ու հոգեկան ծանր վիճակում այդքան ճանապարհ անցնելուց հետո ուժասպառ ես լինում։
Իսկ թե անձրևային օրերին ու ձմռանը ոնց պետք է հաղթահարենք այդ ճանապարհը, դժվարանում եմ անգամ պատկերացնել։
Ու այդ ամենին գումարվում են տան հոգսերը, լույսերի գրաֆիկը, որ պետք է հասցնես լինել աշխատավայրում այն ժամանակ,երբ այդ ժամին լույս կա աշխատանքդ կատարելու համար։
Այս ընթացքում շատ հազվադեպ, բայց լինում է, որ գյուղից դեպի քաղաք մեքենա է գալիս, տատիկս փորձում է անգամ այդ ճանապարհով մեզ համար ուտելիք ուղարկել։
Բայց դա այնքան հազվադեպ է լինում, որ փոքր քույրս այս պահին տատիկի մոտ է գյուղում և չի կարողանում գալ Ստեփանակերտ ու հաճախել համալսարան, չնայած, որ արդեն մի քանի օր է դասերը սկսել են։
Այս վերջին շրջանում իմ աշխատանքը ևս տուժել է։ Նախ՝ արդեն հաճախորդները չունեն այն հոգեվիճակը հաճախելու գեղեցկության սրահներ և գեղեցկանալու, մյուս կողմից էլ, նյութերս գրեթե վերջացել է։ Մաքսիմում կարողանամ աշխատել մեկ ամիս, այն էլ՝ միայն կոլեկտիվում երեք մատնահարդարներով իրար օգնելով ու միմյանց նյութեր տալով կարողանանք այդքան աշխատել»,- ասաց Ժենկան։
Իսկ այն հարցիս, արդյո՞ք ճանապարհի բացվելուց հետո իրենք պատրաստվում են նախկինի պես դուրս գալ Արցախից, զրուցակիցս պատասխանեց։
«Այս շրջափակման ընթացքում ասես մի ուրիշ շունչ է առաջացել, մի ուրիշ զգացմունք առ Արցախ։ Այս դժվարությունները ստիպեցին այլ աչքերով նայել հայրենիքին, որից էլ չես ուզում հեռանալ։ Այս վիրավոր վիճակում չես կարող քեզ թույլ տալ նրան մենակ թողնել»,- պատմեց Ժենկան։