Երեկ երեկոյան Երևանի կենտրոնում մի քանի րոպե շարունակվող ուժեղ հրավառությունը պաշտոնանկության պատճառ դարձավ։ Փաշինյանը կեսգիշերին զբաղեցրած պաշտոնից հեռացրեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Հովհաննիսյանը Փաշինյանի կամակատարներից էր, հլու– հնազանդ իրականացնում վերջինիս հրահանգները, տպավորություն ստեղծելով, թե հավերժ է այդ պաշտոնին, բայց Irakanum.am–ի աղբյուրների փոխանցմամբ վերջին շրջանում ՊՊԾ–ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չէին, և սև ամպեր էին կուտակվել Հովհաննիսյանի գլխին, իսկ երեկ տեղի ունեցած աննախադեպ հրավառությունը վերջնական պատճառ դարձավ, որ Փաշինյանը հեռացնի Սաքոյին։ Ի դեպ այդ պաշտոնին տևական ժամանակ է հավակնում էր Աննա Հակոբյանի անվտանգության պետը, և երեկ Հովհաննիսյանին պաշտոնանկ անելով Փաշինյանը մեկ այլ որոշմամբ ՊՊԾ պետի պաշտոնակատար է նշանակել Արթուր Գասպարյանին։ Նշենք, որ սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ևս վախեցել է հրավառությունից (Դվին մյուզիք հոլը գտնվում է կառավարական ամառանոցի հարևանությամբ), և դա է եղել պատճառը, որ Հովհաննիսյանին կեսգիշերին պաշտոնակ է արել։
Հիմա այն մասին, թե ովքեր են իրականացրել հիշյալ հրավառությունը։ Մեր տեղեկություններով «Դվինում» հարսանեկան արարողություն իրականացրել են ռուսաստանաբնակ հայեր, ծնունդով՝ Ախալքալաքից և Մարտունուց։ Ամուսնացել է ախալքալաքցի Էդգար Վահրադյանը։ Երգել են «Հայաթ Փրոջեքդն», Արկադի Դումիկյանը, Անաստասիա Բրուխտին։ Հյուրերի շարքում եղել է նաև երգիչ Ռազմիկ Ամյանը, ով մեկ կատարում է նվիրել նորապսակներին։ Պաշտոնյաներ հրավիրված չեն եղել։
Ինչ վերաբերում է հրավառությանը, ապա մենք տեղեկացանք, որ «Դվինում» այդ մասին տեղյակ չեն եղել, և իրենք էլ են անակնկալի եկել։ Նշենք, որ ՆԳՆ–ից հայտնել էին, որ գիշերային «աննախադեպ» հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը ենթարկվել են վարչական ձերբակալման։ Բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարցաքննվելուց հետո նրանք ազատ են արձակվել։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համաձայն լռության ժամ է համարվում 23։00-ից 7-ը, որի ընթացքում հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում։ Հրավառությունը տեղի է ունեցել մինչեւ 23։00։
Սակայն խիստ կարևոր է նաև տեսչական մարմնի դիրքորոշումը։ Արդյո՞ք նման մասշտաբի դյուրավառ նյութերի առկայությունը, կազմակերպված հրավառությունը խիստ բնակեցված տարածքում վտանգավոր չէ։ Գարեգին Խաչատրյանի ղեկավարած կառույցը պարտավոր է պարզաբանումներ ներկայացնել, իսկ մինչ այդ Փաշինյանը Հովհաննիսյանի ազատման դիմումը ստորագրելուց հետո պետք է նաև զբաղեցրած պաշտոնից հեռացներ նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Չի բացառվում, որ հենց այդպես էլ լինի, հատկապես, որ Խաչատրյան Գարեգինը իր պարտականությունները ոչ միայն թերի է կատարում, այլ ուղղակի իր տեղում չէ։ Նման պատասխանատու պաշտոնում անպատասխանատու մեկին նշանակելով «Սուրմալուի» ողբերգության հնարավոր կրկնումը չի բացառվում։
Irakanum.am