Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծված ագրեսիան շարունակվում է, և ամեն օր մեր ժողովուրդը բախվում է նոր սպառնալիքների ու նոր փորձության, Արցախի Աժ հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը։
«Նման պայմաններում մեր գլխավոր խնդիրը պետական համակարգն ամուր պահելն է, որովհետև մեր հակառակորդների թիրախում 2020թ. նոյեմբերից հետո Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ոլորտները համակարգող կառույցները և դրանց գործառույթների սահմանափակումը»,- ասել է նա։
Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ՝ Արցախն այս օրերին բացառիկ հնարավորություն է ունեցել հասնելու այնպիսի համաձայնության ու համախմբվածության, որին սպասում է հայ ժողովուրդը, իսկ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը կուսակցական ու հատվածական շահերից վեր է, առաջնայինը ազգային ու պետական շահով առաջնորդվելու մոտեցումն է։
Հիշեցնենք՝ այսօր տեղի ունեցած Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին «Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցությունը կողմ է քվեարկել Սամվել Շահրամանյանի թեկնածությանը։