00:00:00

Նախապայմաններն անընդունելի են, մենք շարունակում ենք բաց պահել Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը. Հ1

00:00, 09 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության համար նախապայմաններն անընդունելի են, և մենք շարունակում ենք բաց պահել Հայկ Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը, որի նպատակն է օգտագործել Հանրայինի հարթակը սեփական ծրագիրը ներկայացնելու համար։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հանրային հեռուստաընկերությունը։

«Ի պատասխան Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հրապարակման՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է. նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ, միջազգային չափանիշների ու լավագույն փորձի կիրառմամբ և նախօրոք ներկայացված հստակ ձևաչափով:

Նախորդ ընտրություններին կազմակերպված բանավեճերին Հանրային հեռուստաընկերության կողմից ընտրված մոդերատորը պահպանել է բանավեճի արդարության և հավասարության կանոնները, ապահովել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար: Հանրային հեռուստաընկերությունն այս ձևաչափի շրջանակում որևէ քաղաքական ուժից մինչև օրս չի ստացել բացասական արձագանք մոդերատորների թերի կամ կողմնակալ աշխատանքի վերաբերյալ:

Կարևոր է, որ Հայկ Մարությանին առաջադրած կուսակցության ներկայացուցիչները երեկ մասնակցել են բանավեճին ընդառաջ կազմակերպված բացատրական հանդիպմանը, որտեղ էլ բանավոր հաստատել են իրենց մասնակցությունը բանավեճին։ Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների խմբագրությունը Հայկ Մարությանին հրավիրել է նաև «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրին, ինչին ի պատասխան կուսակցությունն առաջադրել է նախապայման՝ կմասնակցեն հեռուստաբանավեճին միայն այն դեպքում, եթե Հայկ Մարությանը Պետրոս Ղազարյանին հյուրընկալվի քարոզարշավի վերջին օրը։ Հանրային հեռուստաընկերության համար նախապայմաններն անընդունելի են, և մենք շարունակում ենք բաց պահել Հայկ Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը, որի նպատակն է օգտագործել Հանրայինի հարթակը սեփական ծրագիրը ներկայացնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրությունների մասնակից Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել էր, թե որ դեպքում կընդունի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը։ Ըստ նրա՝ իրենք կընդունեն Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չի լինի Պետրոս Ղազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր