Սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ։
«Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի:
Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով:
Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար», - գրել է նա:
Հրապարակված կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանը շրջել ու ծանոթացել է դպրոցի նոր շենքին, զրուցել դպրոցի սաների՝ շնորհավորելով նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի և դպրոսի նոր շենքի բացման կապակցությամն։ Այց ավարտին նա հանդիպել է նաև աշակերտների ծնողների հետ։
«Բարև ձեզ երեխաներ, դուք երկրորդ դասարանից ե՞ք, չորրո՞րդ», - հարց է ուղղել Փաշինյանն աշակերտներից մի քանիսին, ապա զարմացել նրանց արձագանքից։ Նա նաև հետաքրքրվել է՝ որտեղ են նրանք սովորել երրորդ դասարանում և որտեղ է ավելի լավ՝ նախորդ դպրոցում, թե նորում, ինչին ի պատասխան երեխաները նշել են․ «Այստե՛ղ»։