«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժումը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով․
32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակիչները, գտնվելով կյանքի ու մահվան եզրագծին, պատմական Հայրենիքում ապրելու վճռական կամք դրսևորեցին` հռչակելով ինքնիշխան հայկական հանրապետություն:
1991-ի սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանում հնչեցված՝ «Դիմադրություն կամ կործանում» երկընտրանքից ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորները քվեարկեցին առաջինի օգտին։
Ծանր երկունքով ծնված Հայկական երկրորդ հանրապետությանը վիճակված էր քննություն բռնել` հանուն ժողովրդավարական, սոցիալական, իրավական կողմնորոշիչներով ազատ ու զարգացող երկրի հեռանկարի:
Ազատագրական շարժմամբ ազդարարված պետականության կերտման ուղին հեշտ ու հարթ լինել չէր կարող: Հաջողությունների հետ մեկտեղ ունեցանք նաև ձախողումներ:
Երեք պատերազմների ծանր ժառանգությունը, չկարգավորված հիմնախնդրի խութերը, պետականության պահպանման լրջագույն փորձաքարեր էին Արցախի հերոսական ժողովրդի համար: Սակայն, ամեն անգամ, ինքնակազմակերպման ու համազգային միասնականության շնորհիվ մեզ հաջողվել է պատվախնդրորեն հաղթահարել դժվարությունները:
Պատմական մերօրյա հանգրվանում նորից կանգնել ենք պետականության պահպանման խնդրի առաջ: 44 օրյա դաժան պատերազմից հետո բզկտված, վհատված և շրջափակման ծանր հետևանքների, շարունակվող գոյաբանական սպառնալիքների ու մարտահրավերհների տակ կքած երկիրն այսօր հայտնվել է նաև ներքաղաքական ցնցումների ճիրաններում: Մենք վտանգավոր չափով մոտ ենք անդառնալիության գծին և պատմության լուսանցքում չհայտնվելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի ազատության համար պայքարը շարունակելու իր բաժին պատասխանատվությունը:
Չափազանց կարևոր է, որ ԱՀ ժողովուրդն, ինչպես նախկինում, կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, գիտակցելով, որ իր ճակատագիրը չի կարող կախված լինել որևէ մեկի քմահաճույքից: Որ իշխանությունները, անկախ դեմքերից, անցողիկ են, որ մնայուն է միայն քրտինքով ու արյամբ ստեղծված պետությունը, որը սրբորեն պիտի պաշտպանել ու կտակել սերունդներին:
Ուստի, պայքարի այս էտապում խիստ պահանջված պետք է դիտել համախմբումը, որը չպիտի օդում կախված գաղափար մնա, այլ դառնա իրական գործ ու ջանք: Մեր սուրբ նահատակների հիշատակը պարտավորեցնում է` անշեղորեն, առանց տրտունջի ու նաև առանց խարդավանքների, շարունակել պայքարը:
Հավերժ փա´ռք ու պատիվ այս սրբազան պայքարը ազնիվ անցնողներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Հանրապետության տոնի առթիվ: Մեր մեջ չի մարել պայքարի կրակը, այն բորբոք է, քանի դեռ չենք հասել մեր երազանքին` Ազատ, անվտանգ, զարգացող ու երջանիկ ԱՀ:
Կեցցե՛` Արցախի Հանրապետությունը: