Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզը շրջափակման պայմաններում ունեցած սուղ հնարավորություններով շարունակում է կրթել ու դաստիարակել սաներին։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Ռենա Բարխուդարյանն ասել է, որ հասկանալի պատճառներով մանկապարտեզում երեխաների ճաշացանկը փոփոխության է ենթարկվել, սակայն սննդամթերքի եղած պաշարով փորձում են ապահովել կալորիաների և վիտամինների մինիմալ չափաբաժինը։
««Արցախկաթ» ընկերության գործունեության դադարեցումից հետո կաթնամթերքը ճաշացանկում իսպառ վերացել է։ Մինչ այդ, ամեն օր պարտադիր ստանում էինք կաթ, մածուն, կարագ, պանիր, կաթնաշոռ, ինչը շատ անհրաժեշտ է երեխաների համար։
Մի քանի օր առաջ հացի խնդիր կար, առավոտյան ժամը 08:00-ին ենք իմացել, որ հաց չի մատակարարվելու։ Բայց քանի որ հովհարային անջատումների պայմաններում մեր խոհարարները աշխատանքային ժամից ավելի շուտ են գալիս մանկապարտեզ, որպեսզի հասցնեն պատրաստել օրվա կերակուրը, այդ օրը ամենքս մեր տանը եղած հացից քիչ քանակությամբ բերել և արդեն իսկ պատրաստի ապուրի հետ բաժանել ենք երեխաներին։
Խնդիրն արդեն կարգավորվել է. քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել փռերի հետ, և հացն արդեն մատակարարվում է։ Սա էլ մեր խրամատն է, պետք է պայքարենք»,-մանրամասնել է Բարխուդարյանը։
Նա իրազեկել է, որ խաղաղապահ զրակազմից թխվածք են ստացել և ընդգրկել այսօրվա ճաշացանկում. ամենայն հավանականությամբ` մեկ-երկու օր էլ կհերիքի։