Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի հետեւանքով արցախցի Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը, բաց նամակ է հղել Արցախի իշխանությանը եւ հայ հանրությանը։
«Ես՝ Հելեն Դադայանի քեռի Մուշեղ Սաֆարյանս, կոչով դիմում եմ հայ ժողովրդին, Արցախի իշխանություններին, Արայիկ Հարութունյանին, Գուրգեն Ներսիսյանին։
Արդեն 8-րդ օրն է՝ Եվրասիա համալսարանի ուսանող, Ճարտարի բնակչուհի Հելեն Դադայանի աճյունը գտնվում է Գորիսում։ Այս օրերին բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին Երեւանում, Արցախում ու Կարմիր խաչում, որը ոչ միայն չի կարողանում տեղափոխել աճյունը, այլ ամեն օր ստում է։ Նա դարձավ այս անմարդկային գազանությունների մասնակից եւ կատարող՝ առանց զգալու, որ ստեղծված անմարդկային իրավիճակը լուծելու միակ միջազգային կազմակերպությունն է։
Կարմիր խաչին կոչ եմ անում եւ պահանջում, որ անհապաղ, ոչ ուշ, քան այսօր կամ վաղը, փակել եւ վտարել Արցախից թուրքական Կարմիր խաչի մասնաճյուղը։ Այդ կազմակերպությունը չի կատարել եւ չի կատարում Ժնեւյան կոնվենցիայով իր հիմնական առաքելությունը, ըստ էության, Արցախի թուրքական Կարմիր խաչը հստակ կատարում է Ադրբեջանի իշխանությունների եւ անվտանգության մարմինների թելադրանքը։ Ակնհայտ է, որ թուրքական Կարմիր Խաչը ոչ միայն ձախողված է եւ շեղվել է իր հիմնական առաքելությունից, այլև հստակ սպառնում է Արցախի անվտանգությանը։
Հետագա արյունահեղությունից խուսափելու համար կոչս դիտեք որպես հաղորդում հանցագործության մասին։ Կոչ եմ անում Արցախի ազգային անվտանգությանը եւ դատախազությանը կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց վերապահված գործառույթները, համապատասխան քայլեր ձեռնարկել ադրբեջանական ամենավտանգավոր դիվերսիոն խմբի գործունեությունը եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,- գրված է նամակում: