00:00:00

Փաշինյանի այցը Սյունիք շարունակվել է․ Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին

13:16, 19 օգոստոս 2023 Հասարակություն

Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ:

Վարչապետը նախ այցելել է Գորիս, որտեղ ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Գորիս համայնքի «Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման 1067 մետր ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ 2022 թ.-ին մեկնարկած սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 55%-ը՝ ՀՀ պետբյուջեից:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Գորիս համայնքի Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքների ընթացքը:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Հին Գորիսի պատմական միջավայրի վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների ընթացքից և կարևորել դրանց որակյալ իրականացումը:

Գործադիրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրը, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր խաղահրապարակ: Քարաշենում վարչապետը զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Բնակիչներից մեկը նշել է, որ օգտվել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից տրամադրվող 16 մլն դրամի շրջանակում բնակարանի կառուցման ծրագրից: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել ծրագրի հետագա լավարկման հնարավորությունները:

Այցի ավարտին վարչապետը ծանոթացել է Ակներ գյուղի թիվ 15 փողոցի՝ Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի 1200 մ վերանորոգման աշխատանքների ընթացքին, այցելել է սրտաբանական կենտրոն: Կատարվել է ճանապարհի շինաշխատանքների ավելի քան 70%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է: Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնը Կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում վերջերս համալրվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով և սարքավորումներով, որոնք թույլ կտան քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ: Կենտրոնում գործում է նաև արյան բանկ։

Նիկոլ Փաշինյանը Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Վարչապետի այցը Սյունիքի մարզ ավարտվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր