00:00:00

Կառավարությունը հաստատեց. Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերի համար 6 միլիոն դոլար կհատկացվի

14:06, 11 օգոստոս 2023 Հասարակություն

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց  «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր»  երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շր­ջանակում կկազմա­կերպվի 1 երաժշտական մի­ջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր: Նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ, որը մոտավորապես 6մլն դոլար է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել Միջոցառման անցկաց­ման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցա­ռումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:

Միջոցառման իրականացման ընթացքում «Դոպինգ Սփեյս»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  կհամա­գործակցի հասարակական կարգը պահպանող, ինչպես նաև միջո­ցառման անվտանգությունն ապահովող պետական իրավապահ մարմինների և դրանց համապատասխան աշխատակիցների հետ։

Ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ: Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշր­ջիկները: ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմ­սերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասա­րակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը:

Համերգն անվճար կազմակերպելու պարագայում մշակութային զբոսաշրջության սիրահարների մասնակցությունը միջոցառմանը կարող է նվազել, պայմանա­վորված այն հանգամանքով, որ վերջիններս չեն ունենա նախապես ամրագրված տեղեր: Բացի այդ, անվճար համերգներից հրաժարվում են նաև արտիստները, որոշ դեպքերում՝ բարձր հոնորար են պահանջում։ Անվճար համերգներ անցկացնելու մոտեցումը արժեզրկում է տոմս գնելու գաղափարը, ինչը խոչընդոտում է զվարճանքի և մեգահամերգների բիզնեսի ոլորտի կայացմանը։

Հարկ ենք համարում նշել, որ հարևան Վրաստանում նմանօրինակ համերգները իրականացվում են բացառապես տոմսերի վաճառքի մոդելով և տոմսերից գոյացած շահույթը մնում է միայն կազմակերպչին: Եթե նման ձևաչափը Հայաստանում չկիրառվի, ապա մեր երկիրը այս դաշտում չի կարողանա մրցակցել Վրաստանի հետ և դուրս կմնա նշյալ գործընթացներից:

Միջոցառման իրականացման համար գնված գույքը (առկայության դեպքում) որպես սեփա­կանություն կհանձնվի պետա­կան մարմնին կամ վերջինիս կողմից նշված այլ պետական կազմակերպությանը:

Միջո­ցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո Կազմակեր­պու­թյունը, միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի 24,381.0 հազար դրամ՝ որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։

Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 - 6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:

Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր