Արցախի ութամսյա շրջափակումն իր բացասական ազդեցությունն է թողել բնակչության բոլոր շերտերի վրա, բայց հատկապես խոցելի են հաշմանդամություն ունեցող անձինք, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բժիշկ-վերականգնողաբան Գոհար Խաչատրյանը:
«Ինչպես բոլորը, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձինք, բախվում են տարրական կենսական նշանակության խնդիրների, ինչպիսիք են անբավարար սննդամթերքը կամ հաճախ նաև սննդամթերք չլինելը, իսկ բալանսավորված սնուցումը մարդու օրգանիզմի նորմալ ֆիզիկական և հոգեկան առողջության գրավականն է: Վերջերս ականատես ենք լինում հատկապես թերսնուցված մարդկանց առողջական վիճակի վատթարացման, ովքեր բազմամարդ հերթերում ուշագնաց են լինում, ինչի պատճառ է նաև մարդկանց գերլարված հոգեկան վիճակը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հատկապես խնդրահարույց է վառելիք չլինելը, ինչն անհնար է դարձնում նրանց տեղափոխումն ու տեղաշարժը, հետևաբար` նրանք զրկվում են առօրյա պատշաճ խնամքից»,-մանրամասնել է Խաչատրյանը:
Նա նշել է, որ կենտրոնի աշխատակիցները տնայցեր են իրականացնում ծանր հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր անկողնային հիվանդներ են և, գնահատելով բուժառուների վիճակը, տրամադրում առաջին անհրաժեշտության անձնական հիգիենայի պարագաներ(տակդիր, տակդիրի սավան), սակայն արդեն բախվում են բժշկական պարագաների խիստ սղության խնդրի հետ: Դիզվառելիքի սուղ պաշարների պատճառով մասնակի դադարեցվել են նաև տնայցերը, հատկապես` շրջաններ: Խնդիր է առաջացել նաև Վերականգնողական կենտրոնի` շրջաններում բնակվող բուժառուների համար:
Գոհար Խաչատրյանը փաստել է նաև՝ դեղորայքի սղությունը և բժշկական պարագաների պակասը ավելացնում են հիվանդությունների բարդությունների ցուցանիշները, ինչի հետ մասնագետներն ու բուժառուները բախվում են ամեն օր: