Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում ժամը 13։00-ի սահմաններում 18 համարի երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։
Դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով նշել է, որ դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։
«Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվեն դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակոց է եղե՞լ, քա՞ր է դիպչել, թե՞ այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,- ասել է Կոստանյանը։
Ավելի վաղ լուր էր տարածվել, թե ավտոբուսի ուղևորներն ու վարորդը ուժեղ ձայն են լսել, որից հետո մեքենայի ապակիները փշրվել են։