00:00:00

Բանկի աշխատակիցը, 5 այլ անձանց հետ հանցավոր համագործակցությամբ, բանկից խարդախությամբ ընդհանուր շուրջ 458 մլն. դրամ է հափշտակել

17:07, 08 օգոստոս 2023 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հայաստանում գործող բանկերից մեկի ներքին ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ՀՀ և այլ երկրների մի շարք քաղաքացիների հետ նախնական համաձայնությամբ, իր ծառայողական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման միջոցով, տվյալ բանկից սխեմատիկ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը։

Մասնավորապես, իրականացված հսկայածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2018թ․ ընթացքում ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Կ․Խ․-ն, ծառայողական գործունեության ընթացքում՝ 2015-2018թթ․ ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կազմել է արտերկրյա կամ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների հետ՝ ՓԲԸ-ի (բանկի) ծրագրային ապահովման տարբեր մոդուլների  տեղայնացման, ներդրման և կարգաբերման, կամ սարքավորումների երաշխիքային սպասարկման, այդ սպասարկման ժամկետները երկարացնելու աշխատանքների կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր, որոնք կնքվել են Բանկի և այդ ընկերությունների միջև։ Այնուհետև պայմանագրերով նախատեսված աշխատանքներն իբրև թե կատարված լինելու վերաբերյալ կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա Բանկի կողմից այդ ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել են պայմանագրերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք հափշտակվել են Կ․Խ․-ի և այդ մասնավոր ընկերությունների անունից հանդես եկած, Կ․Խ․-ի հետ հանցավոր համաձայնությամբ գործած ՌԴ-ի, Չեխիայի,  քաղաքացի հանդիսացող անձանց կողմից։

Մասնավորապես, ռուսական «Ա․․․» ընկերության հետ կնքված պայմանագրերի միջոցով բանկից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 204.391.185,6 ՀՀ դրամին համարժեք 420.000 ԱՄՆ դոլար, Չեխիայում գրանցված «Բ․․․ Ե․․․․» ընկերության հետ կնքված կեղծ պայմանագրերով՝ ընդհանուր 160.489.445 ՀՀ դրամին համարժեք 333.250 ԱՄՆ դոլար։

Իսկ ՀՀ-ում գրանցված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի հետ կնքված  կեղծ պայմանագրերի միջոցով բանկից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 93.225.370 ՀՀ դրամ գումար։ Պայմանագերով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնց կարիքն իրականում բանկը չի ունեցել և դրանք երբևէ չեն օգտագործվել, ինչպես նաև բանկի հետ կնքված մի քանի պայմանագրերով, Կ․Խ․-ի և «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ տնօրենի միջև հանցավոր համաձայնության արդյունքում,  «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ն բանկին մատակարարել է ապրանքներ, որոնք նա հայաստանյան այլ ընկերությունից ձեռք է բերել պայմանագրով նախատեսված գումարից կրկնակի ցածր գնով՝ հափշտակելով ավելացած գումարը։

Հափշտակությունների նկարագրված հանցավոր սխեման Կ․Խ․-ն իրականացրել է՝ գործադրելով հիշյալ սարքերի և ծառայությունների ձեռք բերման անհրաժեշտությունը հիմնավորելու համար նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնց չեն տիրապետել բանկի գնումների համար պատասխանատու անձինք։ Օգտագործվել է նաև այն հանգամանքը, որ բանկում առկա չեն եղել հաստատված պրոցեսինգային կենտրոնի, դրանից բխող համակարգերի, ձեռք բերվող մոդուլների, սարքերի այնպիսի պարամետրեր, որոնցով մանրամասնված կլինեին դրանց ֆունկցիոնալ նկարագրերը, կառուցվածքը և այլն։

Առանձին դեպքում, հատուկ հանցավոր մեխանիզմն արդյունավետ իրականացնելու նպատակով, այլ երկրում, մասնավորապես, Չեխիայի Հանրապետությունում հիմնադրվել է ՌԴ-ում գործող հիմնական գործընկեր «Բ․․․» ՍՊԸ-ի անվանը համահունչ անունով, սակայն վերջինիս հետ որևէ առնչություն չունեցող «Բ․․․ Ե․․․» ընկերություն՝ հիմնական գործընկեր վերոնշյալ ՍՊԸ-ի դուստր ընկերությունը հանդիսանալու պատրանք ստեղծելու և Բանկին մոլորության մեջ գցելու նպատակով: Ավելին՝ բանկի ղեկավարության վստահությունը շահելու նպատակով Կ․Խ-ն կազմել է ՌԴ-ում գործող հիմնական գործընկեր ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի կողմից ստորագրված և ընկերության կնիքով կնքված, ռուսերեն լեզվով կազմված կեղծ գրություն այն մասին, որ Չեխիայում հիմնադրված ընկերությունը հանդիսանում է իրենց ընկերության ենթակապալառուն, և մի շարք տեխնիկական, խորհրդատվական ու իմպլեմենտացիոն խնդիրներ, առկա պայմանագրերին համապատասխան, պատվիրակվելու են նշված ընկերությանը:

Բացի այդ Կ․Խ․-ն Չեխիայում գրանցված «Բ․․․ Ե․․․․» ընկերության հետ կնքված կեղծ պայմանագրերով հափշտակված՝ ընդհանուր 160.489.445 ՀՀ դրամին համարժեք 333.250 ԱՄՆ դոլարի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, պատկանելիությունը, ինչպես նաև դրանց առնչվող իրավունքների բնույթը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Կ․ Խ․-ի ցուցումով, փոխանցված գումարը մաս-մաս կանխիկացվել է, մասնակի փոխանցվել Կ․Խ․-ի՝ չեխական այլ բանկում բացված հաշվեհամարին՝ փոխանցման կեղծ նպատակ նշելով «տեղական վճար»: Գումարի մի մասն էլ փոխանցվել է Բանկում որպես վարորդ աշխատած անձի՝ ՀՀ-ում գործող այլ բանկում բացված հաշվեհամարին, և գումարի հանցավոր ծագումը խեղաթյուրելու համար, որպես փոխանցման կեղծ նպատակ, նշվել է «վարկ»:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Կ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (1 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասին), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին)։ Ներկայացվել է մեղարդանք և մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոփոխվել է գրավով՝ 6.100.000 դրամի չափով։

Քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցավոր գործարքներում ներգրավված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Ն․Ս․-ի, Չեխիայում գրանցված ընկերության տնօրեն Յ․Դ․-ի,  ՌԴ-ում գործող «Ա․․․» ՍՊԸ-ի տնօրեն Վ․Վ․-ի, ինչպես նաև՝ արտերկրում բնակվող ՀՀ մեկ, ինչպես նաև՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի նկատմամբ։ 

Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է,  և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար մեղարդյալներ Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի դրամական միջոցների, շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։  

Վերոնշյալ անձանցից մյուս 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նրանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր