ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում, և ըստ էության պետությանը վնաս է հասցրել։ Irakanum.am–ը իր հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ Անահիտ Ավանեսյանի որոշմամբ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնից ազատված Ծաղիկ Վարդանյանը դատական հայց էր ներկայացրել նախարարի դեմ։
Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, կից ներկայացնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որտեղ մասնավորապես ասված է․
«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ, ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՎԴ/0729/05/22 վճռով հրամայում եմ Ծաղիկ Վարդանյանին 2023 թվականի օգոստոսի 8-ից վերականգնել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում: Ծաղիկ Վարդանյանին վճարել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը 2022 թվականի հունվարի 12-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել էր աշխատանքից անցյալ տարի: Նրան հայտարարվել էր երկու խիստ նկատողություն, որից հետո Անահիտ Ավանեսյանը նրան աշխատանքից ազատել է։ Վարդանյանը դիմել էր դատարան, վիճարկելով Անահիտ Ավանեսյանի որոշման օրինականությունը։ Դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու և վնասը փոխհատուցելու մասով։
Այդ պաշտոնը Ծաղիկ Վարդանյանը զբաղեցնում էր 2017 թվականից, իսկ մինչ այդ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր:
Սա նշանակում է, որ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը անօրինական է ազատել Ծաղիկ Վարդանյանին աշխատանքից, ինչը փաստվել է նաև դատարանի որոշմամբ։ Ըստ որոշման՝ պետությունը պարտավորվում է նաև Ծաղիկ Վարդանյանին հարկադիր պարապուրդի համար փոխհատուցում տրամադրել։ Ստացվում է մտերիմներից մեկին աշխատանքի տեղավորելու համար, Անահիտ Ավանեսյանը ոչ միայն անօրինական որոշում է կայացրել, այլև՝ պետությանը ֆինանսական վնաս պատճառել։