00:00:00

Ոչինչ չի ավարտվել․ Արցախը ոչ է ասում ռազմավարական նպատակին հարվածող առաջարկներին․ ԱՀ ԱԺ նախագահ

19:01, 07 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի ելույթ է ունեցել ԱԺ արտահերթ նստաշրջանում․

«Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ

Իրավիճակը և պայմանները խիստ արտասովոր են. ընկալելի չի լինի եթե հանդես գամ ծրագրային ելույթով: Ժամանակի թելադրանքը այնպիսին է, որ առօրյա խնդիրների լուծումը դարձել է հրամայական, սակայն պետք է ի մտի ունենալ՝ վճռորոշը նպատակն է ու տեսլականը:

Նախևառաջ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր երկրի համար այս ծանր օրերին պատասխանատու նման պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար: Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում: Նախկինում ևս Արցախի խորհրդարանի ղեկավարը խորհրդարանում ներկայացված մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ չի եղել, այն ժամանակ էլ որոշ հանգամանքներ նման որոշում կայացնելու պատճառ են դարձել: Սակայն համոզված եմ, որ այս պարագայում, երբ երկրի վիճակն օրհասական է, նման որոշման ընկալումը հանուն միասնության ու որոշումները համախոհությամբ իրականացնելու շատ ավելի ընդունելի կլինի: Դյուրին չէր նաև որոշում կայացնելու գործընթացը:

Պատասխանատու այս պաշտոնը պարտավորեցնող է, ժամանակն ու կացությունը առավել ևս:

Ազգային ժողովին ԱՀ Սահմանադրությամբ տրվում է առաջին հերթին օրենսդիր գործունեությամբ զբաղվելու լիազորություն, սակայն միաժամանակ համակարգային առումով Ազգային ժողովը օրենքով օժտված այն կարևորագույն հարթակն է, որ ժողովրդի կամքն է ներկայացնում և որտեղ պետք է տեղի ունենան մտքերի բախումներ՝ տարբեր տեսակետների ազատ արտահայտման վայր հանդիսանալով բոլոր քաղաքական ուժերի և խմբավորումների համար: Այդ առումով, Ազգային ժողովն իր քաղաքական ներկայացուցչական դերը պետք է բարձրացնի: Ազգային ժողովի հարթակում է, որ պետք է ստեղծվի քաղաքական մտքի բախման հնարավորությունը և կայանա պետական-քաղաքական որոշումների բյուրեղացման պրոցեսը: Այս գործընթացից զերծ չպետք է մնան նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնց մեջ կան առողջ և գիտակից քաղաքական մոտեցումներ ունեցող գործիչներ: Քանի որ պահի թելադրանքն է համախմբել քաղաքական բոլոր առողջ ուժերը՝ բռունցքվելու համար որպես իր ճակատագրի տեր վճռակամ արցախահայություն:

Ազգային ժողովը մեր պետությունը ներկայացնող համապետական ընտրությունների միջոցով ձևավորվող երկու սյուներից մեկն է: Նախագահական ինստիտուտը և Ազգային ժողովը այն երկու մարմիններն են, որոնք օրենքի իրավունքով լիազորված են խոսել ժողովրդի անունից: Զարմանալի չեն ներքին և արտաքին ուժերի կողմից այն հարվածները, որոնց նպատակը պետական ամենակարևոր այդ երկու ինստիտուտների քայքայումն է: Դա առավել նկատելի է դարձել 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո: Հենց այս դիտանկյունից պետք է նայել թշնամի պետության՝ Ադրբեջանի նախագահի հորջորջանքը այս երկու պետական հիմնասյուների կազմաքանդման ուղղությամբ: Չպետք է անտեսել նաև ներքին տարրերի միջոցով Ազգային ժողովի դերի նվազեցմանը ու վարկաբեկմանն ուղղված քայլերը: Հանուն պետականության պահպանման պարտավոր ենք տեղի չտալ և առավել ամրապնդել սահմանադրական իրավունքով օժտված ժողովրդաընտիր այս պետական կառույցը:

Յուրաքանչյուր պետական կառույց մեզ համար անվտանգային համակարգի մի բաղադրիչ է: Ազգային ժողովը այդ համակարգի հիմնական հենասյուններից մեկն է: Մեր անվտանգային ներկա համակարգը մեզանից պահանջում է նոր մոտեցումներ ու ռեսուրսներ: ԱՀ և նրա ժողովրդի անվտանգային համակարգի հիմնական երաշխիք ՊԲ-ի պահպանումը, զարգացումն ու զորացումը շատ դեպքերում կախված է հենց այն օրենսդրական դաշտից, որին միտված է մեր գործունեությունը: Ազգ-բանակ հայեցակարգի կենսունակությունը, կամա թե ակամա, պայմանավորված է ԱԺ- հասարակություն կապի և դրանից ծնունդ առած օրենքների ընդունումով:

Խորհրդարանների ընթացիկ պարտականություններին զուգահեռ համաշխարհային բեմահարթակում կարևոր դերակատարություն է տրվում խորհրդարանական դիվանագիտությանը: Պետք է արձանագրել, որ նախապատերազմյան վերջին տասը տարիներին այդ ուղղությամբ կատարվել են զգալի աշխատանքներ, ձևավորվել են բարեկամական խմբեր, կապեր են հաստատվել տարբեր երկրների պատգամավորների հետ, Արցախի խորհրդարանի պատգամավորները բազմաթիվ այցելություններ են ունեցել արտասահմանյան երկրներ: Անցած տասնամյակների մեր պատմության մեջ կարևոր երևույթ էր 2019թ. ԱՀ բարձրագույն իշխանությունների, ՀՅԴ Բյուրոյի, աշխարհասփյուռ կառույցի և ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ջանքերով Ստեփանակերտում կազմակերպված Արցախի բարեկամների ֆորում-համաժողովը, որին մաս էին կազմում տարբեր երկրների խորհրդարանականներ և քաղաքական գործիչներ: Այդ մասնակիցներից և բազմահարյուր այլ բարեկամներով կազմված ցանցը այժմ ևս առկա է: Մեր ծանր առօրյան և երբեմն նաև անճարակության զգացումը պատճառ է դարձել, որ հետպատերազմյան շրջանում անտեսվի այդ զինանոցի առկայությունը:

Մեր առաջկա քայլերի մեջ, անշուշտ, կարևորվելու է այդ ցանցը վերականգնելու և նրա հետ աշխույժ քաղաքական աշխատանքներ տանելու գործընթացը:

Սակայն հարցերի հարցը Արցախ-Հայաստան հարաբերություններն են, իսկ մեր պարագայում միջխորհրդարանական համագործակցության խնդիրը: Իմ և հատկապես մեր խմբակցության անունից բազմիցս հարց է բարձրացվել ՀՀ-ի հետ միջխորհրդարանական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: Համոզված եմ, որ շրջափակման պայմաններում ներկա տեխնիկական միջոցների առկայությամբ կարելի է լուծել նաև այս հարցը: Ձեր վստահության քվեն ստանալով, մենք այդ ուղղությամբ պարտավորված ենք լինելու հստակ քայլեր անել: Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսևորումներից:

Շատերի մոտ ձևավորվել է կարծիք, որ ՀՀ-ն իր ձեռքերը լվացել է Արցախից: Իշխող են դառնում այն տեսակետները, թե մենք պետք է այլ ուղիներ ու գործընկերներ փնտրենք: Ուզում եմ այս պատասխանատու ամբիոնից վերահաստատել և վստահեցնել, որ մեր բոլոր ջանքերը ուղղված են լինելու 1988-ին որդեգրած ազգային ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևավորված կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը: Մնացած բոլոր քայլերն ու ծրագրերը պետք է դիտարկել մարտավարական քայլեր:

Հավատացեք, քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին, արձանագրելի է հետևյալը. ոչինչ չի ավարտվել:

Արցախյան պայքարը 30 տարի շարունակ եղել է այն առանցքը, որի շուրջ համախմբվել են համահայկական բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և անձնական նկատառումներից: Մեր ներազգային համերաշխությունը ձևավորվել է եռամիասնության սկզբունքի հիման վրա: Տագնապալից այս օրերին անհրաժեշտություն է վերակագնել այդ եռամիասնությունը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն և ներուժ ունի այդ կարևոր առաքելությանը նոր շունչ ու եռանդ հաղորդելու:

Այս կարևոր, հայրենանվեր պարտականության մեջ մեծ դեր է վերապահված Հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին մեր ժողովրդի ճգնաժամային օրերին միշտ կարողացել է ստանձնել ազգապահպան իր առաքելությունը: Փոթորկալից օրերին եկեղեցին է եղել այն փրկօղակը, որին կառչելով կարողացել ենք հաղթահարել բազում մարտահրավերներ: Ես վստահ եմ, որ ինչպեսև անցյալում, այօրվա մեր մարտահրավերների հաղթահարման գործում ու ժողովրդին համախմբելու առաքելության մեջ պետություն-եկեղեցի համագործակցությունը և համախորհուրդ քայլերը կարևորագույն դեր կունենան հոգեբանական այս իրավիճակից դուրս գալու համար:

Հարգելի´ գործընկերներ

Անկախ Արցախի պետականության կետրման առաջին իսկ օրերից, շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի, հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն:

ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը և քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո, առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյո՞ք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը: Մի բան հստակ է՝ միայնակ դժվար է լինելու, միգուցե անկարելի, իսկ միասին հնարավոր:

Արցախի պետությունը կերտվել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդյունքում: Այդ ուղղությամբ վերջին 35 տարիներին մեր ժողովրդի զավակները չեն խնայել ոչ մի բան: Արյունով, քրտինքով, բազում զոհաբերությունների գնով մեր հավաքական իրավունքին տեր կանգնելու կամքը պետք է մնա անդրդվելի և աննկուն: Պայքարի ոգին այսօր թևածում է Արցախում: Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատ՝ դպրոցական մանուկից մինչև զառամյալ ծերունի, դիմադրություն ցուցաբերելով թշնամու օրեցօր սաստկացող ճնշումներին, կարողանում է պահպանել իր քույրերի և եղբայրների, հայրերի և պապերի կերտած պետությունը:

Հրաշքների չսպասեք, մեր իրականությունը այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ յուրաքանչյուրս լծվենք մեր գործին:

Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այս բարձր ամբիոնից մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը՝ հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր