Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ, այդ մասին շատ լավ գիտեն ՀՀ իշխանությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, «Հայաստանի եւ Արցախի անվտանգային հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանը:
«Հայաստանն արեց մի բան, որին աշխարհում ոչ մեկ չէր սպասում: Նա հանձնեց իր երեխային այն դեպքում, երբ դա անհնար էր պատկերացնել: Այդ ամենից հետո Ռուսաստանի ձեռքերը կապվեցին: Մենք ստացանք մի պատկեր, երբ Ռուսաստանը, փաստացի, դիմադրության է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից: Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, փաստացի, լուծարվում է այն կետը, որն առկա է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դա վերաբերում է Լաչինի միջանցքին: Եթե Արցախն Ադրբեջանինն է, ապա Լաչինի միջանցքն էլ է Ադրբեջանինը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի: Միջազգային հանրությունն այս որոշմանը դեմ չի գնա: Արեւմուտքի համար շատ կարեւոր է այս տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղելը, եւ դրա առաջին քայլը ռուս խաղաղապահների դուրս մղումն է, այնուհետեւ կառաջանա ռուսական ռազմաբազայի խնդիրը եւ դրանից հետո Հայաստանի պետականության խնդիրն է, որովհետեւ մենք այդ դեպքում որեւէ հնարավորություն չենք ունենա անվտանգային միջավայրում»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով՝ այսօր արդեն որպես բանակցային թեմա՝ Արցախը գոյություն չունի, ՀՀ իշխանություններն այդ թեման փակել են. «Այսօր քննարկվում է Հայաստանի հարցը: Բանակցային գործընթացը բացառապես Հայաստանի մասին է, եւ Հայաստանն այս դեպքում ոչ թե սեղանի շուրջ է նստած, այլ դրված է սեղանի վրա: Պետության ղեկավարի մակարդակով քարոզվում է հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը. դա արվում է դիտմամբ: Կեղծ թեզ է շրջանառվում, թե Արցախը հանձնելով հնարավորություն կունենանք պահել 29.800 քառակուսի կիլոմետրը: Վերջերս Մոսկվայում տեղի ունեցած արտգործախարարների հանդիպման ընթացքում արձանագրվեց այն փաստը, որ Արդբեջանն ընդհանրապես հրաժարվում է որեւէ քարտեզով որեւէ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներից: Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ, այդ մասին շատ լավ գիտեն ՀՀ իշխանությունները»:
Անդրանիկ Թեւանյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունների մնալու պարագայում Լաչինի միջանցքը չի բացվելու. «Արցախին սպասվելու է երեք սցենար՝ 120 հազարանոց մասսայական գաղթ, Արցախը մնում է այս վիճակում եւ մենք 21-րդ դարում ստանում ենք հայկական երկրորդ ցեղասպանությունը, էթնիկ զտում՝ աշխարհի լուռ հայացքի ներքո»: