Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ադրբեջանն «ազատ է՝ ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում իր ինքնիշխան հողերի վերաբերյալ, որը ներառում է Լաչինի միջանցքը Հայաստանի հետ սահմանին»։
Այս մասին Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, , գրում է Anadolu-ն։
«Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է, Բաքուն ազատ է ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում: Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Ֆիդանը։
Նա հավելել է, որ տարածաշրջանային կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրով։ «Այստեղ մեծ նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը», -հայտարարել է Ֆիդանը։
Ֆիդանը անդրադարձել է նաև Անկարայի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։
«Թուրքիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Թուրքիայի դիրքորոշումն այսպիսին է. Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո հարաբերությունները կկարգավորվեն»,- ասել է Ֆիդանը: