ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է աֆրիկյան երկրներում բացել դպրոցներ` առարկաները ռուսերենով ուսումնասիրելու հնարավորությամբ։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի լիագումար նիստում, գրում է vedomosti.ru-ն:
«Առաջարկում ենք ուսումնասիրել Աֆրիկայում՝ առարկաների ռուսերեն դասավանդմամբ դպրոցների ստեղծման հնարավորությունը: Վստահ եմ, որ ռուսաց լեզվի ուսումնասիրության նման նախագծերի իրականացումը, մեր երկրում կրթական բարձր չափանիշների ներդրումը լավագույն հիմքը կդնեն հետագա փոխշահավետ իրավահավասար համագործակցության համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ասել է, որ Աֆրիկայում ռուսական առաջատար բուհերի մասնաճյուղեր բացելու ծրագրեր կան։ Ռուսաստանը կօգնի Աֆրիկային բարձրագույն, միջնակարգ և ընդհանուր կրթության զարգացման գործում, ինչպես նաև կպատրաստի ուսուցիչներ, դաստիարակներ և այլ կադրեր դպրոցների և քոլեջների համար: Պուտինն ասել է, որ նախատեսվում է ստեղծել համատեղ դպրոցներ, որոնց համար արդեն մշակվել են հարմարեցված մեթոդական նյութեր՝ ռուսական և աֆրիկյան ազգային կրթական ծրագրերի սինթեզի հիման վրա։