Հուլիսի 27-ին Իջևանում նախատեսված միջոցառումը հետաձգվել է՝ պայմանավորված Արցախում ստեղծված իրավիճակով։ Այդ մասին «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» փառատոնի կազմակերպիչները հայտարարություն են տարածել։
«Օրեցօր Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ահագնացող ծանր հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» փառատոնի կազմակերպիչները՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ, Հանրային լրագրության ակումբը և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, համատեղ որոշում են կայացրել հետաձգել հուլիսի 27-ին Իջևանում նախատեսված միջոցառումը։
Գործընկեր կազմակերպությունները մշտապես նամակներ են հղում միջազգային դերակատարներին` ներկայացնելով իրավիճակի վատթարացման ժամանակագրությունը և մարդու իրավունքների կոշտ խախտումները՝ միևնույն ժամանակ պահանջելով համապատասխան գնահատական և գործուն ջանքեր ներդնել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշման։
«Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» փառատոնի նոր ամսաթվի մասին հանրությունը պատշաճ կտեղեկացվի», - նշված է հայտարարությունում։